«Նաղաշ» համույթը նոյեմբերին ելույթ կունենա Երևանում և Եվրոպայում

Հրապարակվել է՝ Nov 10 2019

Հեղինակ՝ ANM Media
«Նաղաշ» համույթի «Աքսորի երգեր»-ի երրորդ շարքը կներկայացվի Հայաստանում և եվրոպական մի քանի քաղաքներում: Երևանում համույթը ելույթ կունենա նոյեմբերի 12-ին՝ Կոմիտասի թանգարանում: Երևանյան համերգից հետո երաժիշտները հյուրախաղերով հանդես կգան Գերմանիայում, Ֆրանսիայում և Բելգիայում:

«Նաղաշ» համույթն իր երկացանկով ու կատարումներով համատեղում է հայկական ազգայինը, նոր դասական երաժշտությունը, ժամանակակից հետ-մինիմալիզմը և ռոքի ու ջազի էներգիան։ Համույթն իր երեք երգչուհիների, հայկական ազգային նվագարանների ՝ դուդուկի, ուդի, դհոլի միջոցով և դաշնակահար, կոմպոզիտոր Ջոն Հոդյանի հետ համատեղ ներկայացնում է միջնադարյան հայ տաղերգու և հոգևորական Մկրտիչ Նաղաշի (15-րդ դար) հոգևոր բանաստեղծությունների հիման վրա գրած նոր ստեղծագործություն: Վերջինս և համույթի «Աքսորի երգեր»-ը ներկայացնում են մարդու խորհրդածությունը Աստծո հետ իր հարաբերությունների շուրջ մի վանականի տեսանկյունից, որը ստիպված էր երկար տարիներ ապրել աքսորում: