«Ես լսում եմ քեզ»

Հրապարակվել է՝ Dec 09 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 14-ին, 18։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլի «Ես լսում եմ քեզ» խորագիրը կրող մենահամերգը։ Համերգի ընթացքում հնչող բոլոր ստեղծագործությունները կուղեկցվեն ժեստերի լեզվի թարգմանությամբ՝ հենց երգիչների կատարմամբ։ Մենահամերգին ելույթ կունենան նաև Լսողության ծնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիրի սաները՝ Նաիրյան վոկալ անսամբլի հետ կատարելով մի քանի ստեղծագործություն։ «Ես լսում եմ քեզ» մենահամերգը ամփոփում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված համանուն վեցամսյա ծրագիրը, որի ընթացքում անսամբլի երգիչները սովորել են երգերը ներկայացնել ժեստերի լեզվով՝ մասնագետի օգնությամբ։

Ծրագրի ընթացքում անսամբլն ունեցել է ամենամսյա ֆլեշմոբեր, ելույթներ, նույն ծրագրով ներկայացել Եգիպտոսում՝ Կահիրեում՝ դարձյալ բոլոր երգերը վերծանելով ժեստերի լեզվով։

Համերգին կհնչեն հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Բարսեղ Կանաչյան, Կարո Զաքարյան, Թաթուլ Ալթունյան և այլ կոմպոզիտորներ)։

Նաիրյան վոկալ անսամբլը հիմնադրվել է 2015 թ․։ Անսամբլի հիմնական նպատակն է հայ դասական ստեղծագործությունների հանրաճանաչ դարձնելը։ Անսամբլը 2018 թ․ սկսած երգերը զուգահեռաբեր թարգմանում է նաև ժեստերի լեզվով։