Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը կանցկացվի Հայաստանում - Armenian National Music (anmmedia.am)
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը կանցկացվի Հայաստանում

Հրապարակվել է՝ Հլս 22 2020, 18:17

Հեղինակ՝ ANM Media
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում, Հանրապետության նախագահի հովանու ներքո, հայտնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին:

Այս մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր՝ փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ժամանակ, որին Երևանից մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Իսպանիայից՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ-ից՝ STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, STARMUS փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեվիդ Այքերը, Շվեյցարիայից՝ STARMUS փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը: STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը:

Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար, մասնավորապես ասել է. «Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ այդ փառատոնը լինելու է հրաշալի, հատուկ, և բոլորդ մեզ հետ հպարտանալու եք, որ փառատոնն այս անգամ անցկացվեց Հայաստանում: Սա շատ կարևոր միջազգային փառատոն է: Ես հնարավորություն ունեցա մասնակցելու նախորդ փառատոնին, որն անցկացվեց Շվեյցարիայում: Տպավորիչ էր, որ փառատոնին մասնակցում էին հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից: Հետաքրքիր էր գաղափարը, որը միավորման մասին էր՝ գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի միավորման մասին,-ասել է Հանրապետության նախագահը: -Հաջորդ փառատոնն ինչ-որ առումով պետք է տարբերվի: Եթե երաժշտություն, ապա ես կցանկանայի ներգրավել ոչ միայն ռոքը, այլև այսօրվա՝ ժամանակակից երաժշտությունը, նաև դասականը, եթե գիտություն է, ապա՝ գիտության տարբեր ոլորտները: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին և Հայաստան այցելած գիտնականներին, ինչպես նաև մեր երիտասարդությանը»: