Սևակ Ավանեսյան․ «Մեր թշնամուն խորհուրդ կտամ կրթվել․ ամեն ինչ գալիս է անկրթությունից» - Armenian National Music (anmmedia.am)
Սևակ Ավանեսյան․ «Մեր թշնամուն խորհուրդ կտամ կրթվել․ ամեն ինչ գալիս է անկրթությունից»

Հրապարակվել է՝ Հլս 30 2020, 11:54

Հեղինակ՝ ANM Media
Համաշխարհային պատմության մեջ չկա որևէ դարաշրջան, որտեղ չլինեն պատերազմներ ու այլ արհավիրքներ։ Սակայն նույն պատմության ընթացքում մշակույթը, անկախ երկրում տիրող իրավիճակից, միշտ եղել է մարդկանց հոգում, սփոփել ու օգնել է հաղթահարելու դժվարին ժամանակները։ Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին էլ մարդիկ չմոռացան մշակույթի մասին։   

Զինադադարի խախտման ամենաթեժ շրջանում անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը ելույթ է ունեցել բոլոր մայրցամաքներում և բազմաթիվ հեղինակավոր համերգասրահներում, առանց երկմտելու վերցրեց իր «զենքը» և ուղևորվեց սահման։ Սևակը՝
Armenian National Music-ի հետ համագործակցությամբ ելույթ ունեցավ սահմանամերձ Մովսես գյուղում՝ բնակիչների և զինծառայողների համար։ 

«Պատերազմից մենք չենք վախենում։ Մեզնից մի օր առաջ այնտեղ հարսանիք էր։ Թող ամբողջ աշխարհը իմանա, որ մենք այնտեղ միշտ համերգներ ու հարսանիքներ ենք անելու։ Տեղի քահանան՝ Տեր Աբելը, ջութակահար է, իր դուստրը հրաշալի երգում է։ Կարծում եմ՝ նրան պետք է ամբողջ աշխարհը իմանա։ Ու դա միայն Մովսես գյուղում չէ, որովհետև մեր գյուղերում այդպիսի անգին գանձեր կան։ Բայց այդ ամենից զատ՝ մենք ունենք բանակ, զինվոր, քաջարի մարտիկներ, որոնց վրա չի կարելի հարձակվել։ Այդ մարդիկ պետք է ապրեն խաղաղության և  ներդաշնակության մեջ։ Եթե պատերազմ լինի՝ բոլորս էլ կգնանք առաջին գիծ։ Լավ կլինի, որ բոլոր երաժիշտներն էլ պարբերաբար ելույթ ունենան հեռավոր գյուղերում, որտեղ մեզնից շատ ավելի լավ գիտեն մշակույթի մասին»,- ANM-ի հետ զրույցում ասաց Սևակը։ 

Թավջութակահարի խոսքով՝ մինչ այդ նա Մովսես գյուղի տեղը չգիտեր, բայց գնալով այնտեղ գտավ իր երկրորդ տունը։ Վայր՝ որտեղ հոգևոր առաջնորդը իսկական հայ մարդ է և իր տան դռները բաց են բոլորի համար։ Նա է իր ընտանիքի օրինակով է պահում գյուղի ոգին։ Սևակը և ANM-ի թիմը նրան անծանոթ էին, բայց բոլորին ընդունեց սրտաբաց, ինչպես կաներ յուրաքանչյուր  հայ մարդ։ 

Ելույթը տեղի ունեցավ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ հայ գյուղացու ու հայ զինվորի համար։ Թեև Սևակ Ավանեսյանի երկացանկում հայ հոգևոր երաժշտությունը մեծ տեղ է զբաղեցնում և աշխարհի տարբեր երկրներում դա հաճախ կատարում է, Մովսեսում նվագեց Բախի սյուիտներից։ «Մարդիկ լռության մեջ ուշադիր լսում էին երաժշտությունը։ Եկեղեցում Բախը մատչելի է բոլորի համար։ Դա այն լեզուն է, որ բոլորն են հասկանում։ Ու շատ կուզենամ, որ մեր հարևանները այնքան զարգանան, որ մզկիթներում կանանց ու տղամարդկանց առանձնացնելու ու ջիհադ գոռալու փոխարեն դասական երաժշտություն լսեն։ Դրանից հետո նրանք չեն հարձակվի մյուսների վրա։ Մովսեսը դարձավ իմ սիրելի վայրերից մեկը, որտեղ ես միշտ կգնամ ու կնվագեմ։ Այնտեղ յուրաքանչյուր մարդ իր տանն է։ Ես գիտեմ, որ ամեն անգամ Հայաստան գալուց կարող եմ նստել մեքենա ու գնալ իմ տուն»։  

Թավջութակահարը միշտ էլ պատրաստ է ելույթ ունենալ Հայաստանի բոլոր մոտ ու հեռավոր անկյուններում, քանի որ կարծում է, որ այնտեղ մարդիկ մշակույթին շատ ավելի մոտ են։ Նա խորհուրդ է տալիս յուրաքանչյուր արվեստագետի հետևել իր օրինակին, քանի որ  գումարը միշտ չէ, որ կարևոր է։ Դա շատ է ոգեշնչում մարդկանց։ 

«Հեռվից մի պահ կրակոցներ լսեցինք։ Պահեր կան, որ սարերով ու ձորերով գնալուց հասկանում ես, որ առջևում թշնամուդ դիրքեր են։ Բայց չէինք վախենում․ վախենանք՝ մեքենա էլ չպետք է նստենք։ Մարդիկ ոչ սթափ վիճակում քշում են քաղաքի կենտրոնում ու չեն վախենում, բայց այդ նույն մարդիկ վախենում են գնալ սահման։ Մենք գիտեինք թե ուր ենք գնացել։ Մարդիկ մեծ սիրով ապրում են այնտեղ, մենք ինչո՞վ ենք այդ մարդկանցից առավել։ Ես ո՞վ եմ, որ վախենամ»։ Սևակի միակ վախը կապված էր իր 400 տարեկան գործիքի հետ, քանի որ դա աշխարհի համար անդառնալի կորուստ կլիներ։ 

Համերգը թշնամու դեմ չէր՝ տեղացիների համար էր։  Այն նպատակ ուներ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ սա է Հայաստանը ու սահմանը, Մովսես գյուղը, որտեղ կա արվեստ, սեր, հավատ։ Սա էր միակ ուղերձը։ Թշնամին պետք է իմանա, որ մենք չենք վախենում ու բոլորս կկռվենք՝ կին թե տղամարդ։ «Բայց մեր թշնամուն խորհուրդ կտամ կրթվել։ Աշխարհի բոլոր խնդիրները գալիս են անկրթությունից։ Դրա համար էլ աշխարհին ոչինչ չեն տվել ու այդպես էլ կապրեն։ Եթե նրանք կրթվեն՝  այս հակամարտությունը ուրիշ մակարդակի վրա կլինի»։


Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան