Synthposium-ը առաջին անգամ անցկացվեց Հայաստանում

Հրապարակվել է՝ Oct 08 2019

Հեղինակ՝ ANM Media
 Հոկտեմբերի 4-ին և 5-ին Երևանում անցկացվեց Synthposium երաժշտության և երաժշտական նորարարության միջազգային փառատոնը: Այն հիմնադրվել է վեց տարի առաջ՝ Մոսկվայում։ Այս տարի փառատոնն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Վեց տարվա ընթացքում փառատոնն անցկացվել է Մոսկվայի տարբեր հարթակներում՝ համախմբելով 32 երկրների ավելի քան 300 մասնակիցների, հասցրել է դառնալ խորհրդանշական իրադարձություն ստեղծարար ինդուստրիայի երկրպագուների և մասնագետների համար:  

Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին երաժշտական տեխնոլոգիաներ, դասախոսություններ և սեմինարներ, կենդանի համերգների և թվային արվեստի ցուցահանդես, որոնց նպատակն էր ոգեշնչել տեղական համայնքին՝ ստեղծագործել էլեկտրոնային և փորձարարական երաժշտական ոլորտում:  

Փառատոնին ներկա էին մասնակիցներ Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Նիդեռլանդներից, ճապոնիայից, Իրանից, Լիբանանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից։ Փառատոնի նպատակն է աջակցել ժամանակակից երաժշտության և տեխնոլոգիաների ստեղծարարներին: Փառատոնի անցկացման վայրի փոփոխությունը, իր պատմության կարևոր փուլ է հանդիսանում, որն ուղղված է ոգեշնչման և որոնման սահմանների ընդլայնմանը:    

Հայաստանում կազմակերպիչներն ակնկալում են Synthposium-ը վերածել ակտիվ փոխազդեցության վայրի, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ստեղծագործող անհատները հանդիպում են փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով, ստեղծելով գաղափարների փոխադարձ որոնում ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակով: