Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը սկսում է նոր համերգաշար՝ նվիրված Բեթհովենի 250-ամյակին

Հրապարակվել է՝ Dec 25 2019

Հեղինակ՝ ANM Media
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Դաշնամուրի ու ջութակի տասը սոնատները և ժամանակի երաժշտական աշխարհը» համերգաշարը` նվիրված գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյակին: Յուրաքանչյուր համերգի ընթացքում կկատարվեն կոմպոզիտորի սոնատներից, ինչպես նաև իր ժամանակի երաժշտական գլուխգործոցներից:

Առաջին համերգը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Համերգաշարը կշարունակվի նաև 2020 թվականին:

Առաջին համերգին Խաչատրյան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր) և Կարեն Շահգալդյանի (ջութակ) կատարմամբ կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի 1798 թ. գրված Դաշնամուրի և ջութակի սոնատը:

Համերգին կմասնակցեն նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներ Ռիմա Միրզոյանը (ջութակ), Արմեն Թորոսյանը (ալտ) և Սիփան Թորոսյանը (թավջութակ): Համերգի հատուկ հյուրերն են Հակոբ Ջաղացպանյանը (կիթառ) և ԵՊԿ ուսանողուհի Մարիա Մաճկալյանը (ջութակ):

Երեկոյի ընթացքում կկատարվեն նաև Յոհան Սեբաստիան Բախի, Ջովաննի Բատիստա Վիոտտիի, Լուիջի Բոկերինիի և Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններից: