Հայաստանում 2020 թվականի ողջ ընթացքում կանցկացվի Բեթհովենյան փառատոն

Հրապարակվել է՝ Dec 23 2019

Հեղինակ՝ ANM Media
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գալիք տարի կանցկացնի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը` նվիրված հռչակավոր կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Նրա խոսքով՝ տարվա ընթացքում կհնչեն Բեթհովենի բոլոր՝ ինը սիմֆոնիաները, մի շարք կոնցերտներ, կներկայացվի նաև կամերային և վոկալ ժառանգությունը։

«Բեթհովենի 250-ամյակը աշխարհում երաժշտական ամենամեծ տոներից է և Հայաստանը չէր կարող անմասն մնալ այդ հոբելյանին։ Կներկայացվի դաշնամուրային վեց, թավջութակի երեք համերգ և այլն։ Նախատեսվում է տասնհինգ սիմֆոնիկ համերգ, կներկայացվի նաև Բեթհովենի երգչախմբային ժառանգությունը»,- ասաց մաեստրոն։ Նրա խոսքով՝ Ֆիլհարմոնիկը կհամագործակցի նաև Երևանյան հեռանկարներ միջազգային փառատոնի հետ և աշխարհի լավագույն երաժիշտները կգան Հայաստան և կմասնակցեն փառատոնին, այդ թվում՝ Էմերսոն և Բորոդին քառյակները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոսելով փառատոնի կարևորության մասին, նշեց, որ այն մեծ ռազմավարական նշանակություն ունի և կարևոր է, որ ՀԱՖՆ-ը Բեթհովենի ժառանգությունը ներկայացնում է Հայաստանում, այլ ոչ թե հյուրախաղերի շրջանակներում։ «Մեր խնդիրն է՝ ոչ թե Բեթհովենը հասանելի դարձնենք աշխարհին, այլ աշխարհի արտիստներին բերենք Հայաստան, որին կներգրավվեն նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական օղակները։ Կարևոր է նաև տեղեկատվական ստրատեգիան, որը պետք է արտաքին աշխարհին ներկայացնի այդ իրադարձությունը»,- ասաց փոխնախարարը։

Բեթհովենյան տարվա շրջանակներում Դիլիջանում կանցկացվի նաև երկօրյա գիտաժողով, որին կմասնակցեն Եվրոպայից հրավիրված երաժշտագետներ։

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը։