Բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ

Հրապարակվել է՝ Nov 04 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Բրիտանական և հայկական երաժշտական կամուրջ» նախագծի երրորդ համերգը, որը Բրիտանիայի և Հայաստանի միջև մշակութային փոխառնչության և համագործակցության նոր դրսևորում է: Թանգարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ միջմշակութային նախագիծը նպատակ ունի հայ հանդիսատեսին ներկայացնել բրիտանական դասական և ժամանակակից երաժշտությունը, ինչպես նաև տարածել հայ մշակույթն աշխարհով մեկ՝ բրիտանացի կոմպոզիտորների շնորհիվ:  

Հատուկ այս նախագծի համար բրիտանացի կոմպոզիտորներ, Լոնդոնի Թագավորական ակադեմիայի շրջանավարտներ Ջեյմս Մորիարթին, Ջոզեֆ Հովարդը, Ալիս Հանթերը, Ջոնաթան Վուլգարը ստեղծագործություններ են գրել Վահան Տերյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի և Վահագն Դավթյանի խոսքերով: Այս ստեղծագործությունները կհնչեն Սոֆյա Սայադյանի (սոպրանո), Պերճ Քարազյանի (տենոր) և Մարգարիտա Սարգսյանի (սոպրանո) կատարմամբ:  

Նախագծի այս համերգը նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Համերգը կավարտվի Ջեյմս Մորիարթիի` Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին» պոեմի հիման վրա գրված «Մի այլ երգ» ստեղծագործության պրեմիերայով: Նախագծի հեղինակն է կոմպոզիտոր, դաշնակահար, Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայի շրջանավարտ Արփինե Կալինինան։