Երևանում հայ-հրեական համերգով նշվեց Խանուկան

Հրապարակվել է՝ Dec 27 2019

Հեղինակ՝ ANM Media
Դեկտեմբերի 26-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում ապրող հրեական համայնքը տոնական համերգով նշեց ամենասիրված տոներից մեկը՝ Խանուկան:

Համերգից առաջ ազդարարվեց Խանուկայի 5-րդ օրը և ռաբինի ղեկավարությամբ հանդիսավոր կերպով վառվեց խանուկիյայի (ծիսական մոմակալի) 5-րդ մոմը: Մոմավառությունից հետո սկսվեց հրեական և հայկական երաժշտական ծրագրով տոնական համերգը, որը յուրահատուկ հայ-հրեական մշակութային երկխոսություն էր:

«Տոնը տևում է 8 օր, և այսօր վառվեց 5-րդ մոմը: Ցանկանում էինք, որ միջոցառումը տեղի ունենա ոչ թե տոնի առաջին օրը, այլ ավելի ուշ, որովհետև սա հանդիսավոր պահ է: Այն ընտանեկան տոն է, և մենք այդ օրը դուրս ենք հանում մոմակալը կամ լուսամուտագոգի վրա դնում, որպեսզի լույսը սփռվի ամենուր»,-ANM-ի հետ զրույցում ասաց Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ կան երկրներ, որտեղ օրենքով չի կարելի դրսում ոչ մի տեսակի կրակ վառել, սակայն այս օրը շատ երկրներում հրեաներին թույլատրվում է դա անել: Խանուկան տոնվում է աշխարհի բոլոր մեծաթիվ և փոքրաթիվ համայնքներում:

«Քանի որ Խանուկան բոլորի տոնն է, սիրով հրավիրեցինք ինչպես համայնքի ներկայացուցիչներին, այնպես էլ հայ կատարողներին: Համերգը վստահեցինք «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանին, քանի որ նա մեր սիրելի ընկերն է և մեծ պրոֆեսիոնալ: Վստահ եմ՝ մարդիկ բավականություն ստացան համեգից: Դահլիճը տրամադրեց ՀՀ Մշակույթի նախարարությունը, որը մեզ համար շատ գնահատելի է և թանկ: Մենք միշտ փառաբանում ենք Հայաստանը և հայերին: Ցանկանում եմ, որ մեր երկու երկրների բարեկամությունը միշտ այսպես սերտ մնա»,-եզրափակեց Վարժապետյանը:

Տոնական համերգին մասնակցեցին համայնքի արվեստի դպրոցի «Արս Մաժոր» պարախումբը, համայնքի ներկայացուցիչ, երգչուհի Դիանա Առաքելյանը, Ա. Սպենդիարյանի անվան դպրոցի քանոնահարների «Նուռ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Ծովինար Հովհաննիսյան), Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնը», օպերային թատրոնի մեներգչուհի Նարինե Անանիկյանը, Պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի Աննա Պողոսյանը՝ ԵՊԿ պրոֆեստոր Մարգարիտա Սարգսյանի նվագակցությամբ, ՀՀ վաստակավոր արտիստ Վյաչեսլավ Մանուչարյանը (կլառնետ) և Երևանի մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Գասպարյանը (սաքսոֆոն) , Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան) դպրոցի տնօրեն Հասմիկ Սաֆրազբեկյանի նվագակցությամբ: Վերջինս համերգը եզրափակեց Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր» և հրեական «Հավա նագիլա» երգերի կատարմամբ:

Լուսանկարում՝ Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու թատրոնը»