«Գոհար վարդ» համերգը՝ Կամերային երաժշտության տանը

Հրապարակվել է՝ Oct 07 2019

Հեղինակ՝ ANM Media
Հոկտեմբերի 15-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Ծիրանի» անսամբլը ներկայանալու է գործիքային կազմով։ Ծրագրում կհնչեն Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի և Ս. Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից։ Համերգը կրում է «Գոհար վարդ» խորագիրը՝ պայմանավորված համերգի առանցքային ստեղծագործության անվամբ (պոեմ «Գոհար վարդ» - Գրիգոր Առաքելյան, Նարեկացու «Տաղ Վարդավառի» կամ «Գոհար վարդն» տաղի հիման վրա)։ Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանը (հայկական վիոլա)։  

«Ծիրանի» անսամբլը ստեղծվել է 2012 թվին: Խումբն ի սկզբանե գործիքային հնգյակ էր՝ դուդուկ, շվի, թառ, ուդ, դհոլ նվագարանների կազմով, որտեղ դուդուկը ներկայանում էր որպես մենակատար-գերիշխող գործիք: 2014 թ. խումբը համալրվել է երգիչներով:  

Անսամբլի նպատակն է ներկայացնել հայ երաժշտությունն իր տարբեր շերտերով, հասանելի լինելով բոլորին՝ բավարարելով թե՛ խստապահանջ երաժշտին, թե՛ պատահական ունկնդրին։ «Երաժշտությունը կատարյալ է, երբ այն առաջացնում է հույզեր, զգացմունքներ, որոնք կարող են լինել թե՛ վիշտ ու տխրություն, թե՛ հրճվանք ու զարմանք և թե՛ խրախճանք: Հայոց պատմությունը և հայ ազգի գենետիկ հիշողությունը պարունակում են իրենց մեջ հույզերի այս ամբողջ գունապնակը: Մեզ մնում է միայն վերարտադրել մեր պապենական ժառանգությունը՝ մեր ժամանակներին հատուկ մոդեռն լուծումներով պահպանելով մեր հազարամյա մշակույթի բյուրեղյա մաքրությունը»,- նշում է «Ծիրանի»-ի գեղարվեստական ղեկավար, դուդուկահար Արտակ Ասատրյանը: