Անցնել բովանդակությանը

· Ժողովրդական

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը երկու նոր գիրք է հրատարակել

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը երկու նոր գիրք է հրատարակել
Հայաստանում 2008 թվականից նշվում է Գիրք նվիրելու օրը: Ի պատիվ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի, այն նշվում է նրա ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին: 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, նույն օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 18:00-ին հրավիրում է բոլորին ներկա գտնվելու թանգարանի հրատարակած երկու գրքերի շնորհանդեսին: 

«Հարսանեկան երգեր» (մաս Ա) խորագրով ժողովածուն թանգարանի «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի Գ հատորն է: Հրատարակվել է համագործակցությամբ Երևանում «Գյոթե» կենտրոնի հետ: Գիրքը կազմել և խմբագրել են թանգարանի գիտական բաժնի աշխատակիցներ Լիլիթ Հարությունյանը և Աստղիկ Մարտիրոսյանը: 

«Կոմիտասը և իր ժառանգությունը» խորագրով մյուս գիրքը գիտական հոդվածների ժողովածու է, թանգարանի ամենամյա հրատարակվող տարեգրքի Ե հատորը: Հատորում տեղ են գտել Կոմիտասի 150-ամյա հոբելյանի առիթով Բեռլինում տեղի ունեցած միջազգային գիտաժողովին ներկայացված նյութեր: Ժողովածուի պատասխանատու խմբագիրը Տաթևիկ Շախկուլյանն է (թանգարանի գիտական բաժնի ղեկավար):

Շնորհանդեսից հետո տեղի կունենա թանգարան-ինստիտուտի կազմակերպած ամենամյա հարցախաղի ամփոփումը (մեկնարկը՝ փետրվարի 8-ից), որին հետևած և առավելագույնս ճիշտ պատասխաններ գրանցած մասնակիցներին թանգարանը կնվիրի իր հրատարակած գրքերից: 

Մուտքն ազատ է:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը երկու նոր գիրք է հրատարակել · Armenian National Music