Հայտնի են Գոհար Գասպարյանի անվան համահայկական մրցույթի հաղթողները

Հրապարակվել է՝ Dec 17 2019

Հեղինակ՝ ANM Media
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը Երևանում անցկացվեց Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Այն իրականացրեցին Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:    

Մրցույթն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին:

Մրցույթն անցկացվում էր շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Մրցույթի հաղթողների համար (արական և իգական ձայների համար  անհատական) սահմանվել էին մրցանակներ և «Գոհար Գասպարյան» արձանիկ-մրցանակ, որը հեղինակել է քանդակագործ Նուռը:

Արական ձայներում առաջին մրցանակի արժանացան Ակսել Դավեյանը և Գրիշա  Մարտիրոսյանը,  իգական ձայնում՝ Էլեն Եղիազարյանը և Մարիաննա Հովհաննիսյանը: Երկրորդ մրցանակը արական խմբում կիսեցին Հովհաննես Անդրեասյանը և Տիգրան Հակոբյանը, իգական խմբում լավագույնը ճանաչվեց Լուսինե Ստեփանյանը: Երրորդ մրցանակը բաժին հասավ Արսեն Գևորգյանին, Մարգարիտա Սարգսյանին և Նելլի Սարգսյանին: Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Վարդան Գյոդակյանը: Բացի գլխավոր մրցանակից, մասնակիցներն արժանացան նաև տարատեսակ այլ մրցանակների և դիպլոմների:

Մրցույթի գալա համերգը կայացավ հայ մեծանուն երգչուհու ծննդյան օրը՝ դեկտեմբերի 14-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Գոհար Գասպարյանի ծննդյան 95-ամյակին նվիրված մեներգիչների համահայկական մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 28 երգիչ-երգչուհիներ՝ հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ: