Անցնել բովանդակությանը

· Դասական

Կբացվի Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը

Կբացվի Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը
Հոկտեմբերի 7-ին, ժամը 16:30-ին Սպենդիարյան 5 հասցեում տեղի կունենա անվանի դիրիժոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի անվանատախտակի բացման արարողությունը։ Ղարաբեկյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ մաեստրոյի անվանատախտակը կփակցվի իր տան շքամուտքի մոտ:

Արդեն 10 տարի է՝ մաեստրոն մեզ հետ չէ: Իր կյանքի 58 տարիների ընթացքում նա հասցրեց ապրել և արարել աշխարհի տարբեր կողմերում, սակայն իր տունը միշտ համարում էր Երևանը, իսկ ամենանվիրական աշխատանքը` Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարումը:

1997թ. ՀՀ մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը: Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով, հիրավի, աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ...
Դասական երաժշտության համերգներին զուգահեռ՝ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ:

Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝ նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավումով՝ դուդուկ, զուռնա, շվի, քամանչա: Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակել է իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում: