Անցնել բովանդակությանը

· Դասական

‹‹Ես գալիս եմ Իսպանիայից››. իսպանացի սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ ելույթ ունենա Հայաստանում

‹‹Ես գալիս եմ Իսպանիայից››. իսպանացի սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ ելույթ ունենա Հայաստանում
Իսպանացի լենգենդար սոպրանո Այնոա Արտետան իր համաշխարհային կարիերայի ընթացքում առաջին անգամ ելույթ ունենա Հայաստանում: Արտետան հանդես կգա ‹‹Ես գալիս եմ Իսպանիայից›› խորագրով համերգով, մայիսի 18-ին, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում՝ անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոյի նվագակցությամբ:

Համերգը կազմակերպել է Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Primavera Foundation of Armenia հիմնադրամի աջակցությամբ:

Երեկոյի ընթացքում կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն Գարսիա Աբրիլի, Մանուել դե Ֆայայի, Ֆերնանդո Օբրադորեսի, Էնրիկե Գրանդոսի սիրված երգերը:

Այնոա Արտետան բասկյան արմատներով, գեղեցիկ ձայնով, բեմական գրավիչ խարիզմայով և համակրելի արտաքինով երգչուհի է, նրա արտիստիզմը գերում է հանդիսատեսին և ստիպում կլանված հետևել երգչուհու կատարման ամեն մի հնչերանգին ու ժեստին: Արտետան շլացվող կարիերա է կերտել՝ հանդես գալով Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Միլանի Լա Սկալա, Լոնդոնի Թագավորկան Քովենթ Գարդեն, Բավարիայի պետական, Նեապոլի Սան Կառլո, Արենա դի Վերոնա, Մոսկվայի Բոլշոյ և աշխարհի այլ հեղինակավոր օպերային թատրոններում և համերգասրահներում: Գլխավոր դերերով հանդես է եկել ‹‹Տրավիատա››, ‹‹Բոհեմ››, ‹‹Տուրանդոտ››, ‹‹Տոսկա››, ‹‹Մանոն Լեսկո››, ‹‹Մադամ Բաթերֆլայ››, ‹‹Ադրիանա Լեկուվրեր››, ‹‹Ռոմեո և Ջուլիետ››, ‹‹Եվգենի Օնեգին›› օպերաներում: Համագործակցել է այնպիսի մեծանուն դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Գուստավո Դուդամել, Նիկոլա Լուիզոտտի, Ջանանդրեա Դոզեդա, Սըր Նևիլ Մերրիներ, Քրիստոֆեր Հոգվուդ, Վասիլի Պետրենկո, Պաբլո Գոնսալես, Վիկտոր Պաբլո Պերես և ուրիշներ:

Այնոա Արտետան բացի գեղեցիկ և հաջողակ լինելուց, նաև բարեսիրտ և ուժեղ կնոջ կերպարի մարմնավորում է, նա համառ պայքար է մղել կյանքի դժբախտությունների դեմ: Արժանանալով տարբեր հեղինակավոր մրցանակների, մի առիթով նա ասել է. ‹‹ավելի ճիշտ կլիներ, որ ինձ արժանացնեին Փյունիկ մրցանակի, քանի որ ոչ ոք այսքան չի ընկել և վեր հառնել, որքան ես՝ այս տարիների ընթացքում: Վստահ եմ, որ միշտ այդպես է լինելու, ես պայքարող տեսակ եմ››: