Շուտով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և «Արլուպա» ընկերությունը հանդես են գալու նոր նախաձեռնությամբ։ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ՝ հունիսի 6-ից երևանցիներին անակնկալներ են սպասվում քաղաքի տարբեր հատվածներում: Ներբեռնելով «Արլուպա» անվճար հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրում՝ (օր.՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Խաչատրյան փողոց և այլն) կարելի է վայելել կոմպոզիտորի անմահ ստեղծագործությունները: Յուրաքանչյուր նշված կետում հնչում է մեկ ստեղծագործություն: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև տեսանյութ նկարել և այն տեղադրել սոցիալական ցանցերում։ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իր հանրահռչակման գործառույթն իրականացնելիս օգտվում է նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, որոնք այսօր առավել արդիական են և մեծ պահանջարկ ունեն: Տուն-թանգարանը, համագործակցելով այս ոլորտում փորձառություն ունեցող «Արլուպա» ընկերության հետ, իրականացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ տարբեր ծրագրեր թե ՛ թանգարանում, թե ՛ թանգարանից դուրս: