«Կայթ» բենդը՝  Սուրաջկունդի 34-րդ միջազգային փառատոնի մասնակից - Armenian National Music (anmmedia.am)
«Կայթ» բենդը՝ Սուրաջկունդի 34-րդ միջազգային փառատոնի մասնակից

Հրապարակվել է՝ Փտվ 09 2020, 11:32

Հեղինակ՝ ANM Media
Փետրվարի 1-16-ը Հայաստանը մասնակցում է Հնդկաստանում անցկացվող Սուրաջկունդի 34-րդ միջազգային արհեստների փառատոնին: Հայկական պատվիրակությունը ներկայացնում են ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի կրող խմբեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, փառատոնի շրջանակներում ելույթ է ունեցել նաև «Կայթ» բենդը:«Կայթ»-ը հիմնադրվել է 2016 թվականին, Երևանում՝ Կորյուն Դավթյանի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով ազգային նվագարաններով կատարելու հայկական ժողովրդական ավանդական երաժշտություն։ Կազմում ընդգրկված են երիտասարդ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրը տիրապետում է որևէ երաժշտական գործիքի, այդ թվում` բլուլ, շվի, պարկապզուկ, զուռնա, դուդուկ, դհոլ, դափ, քանոն և ուդ։ Խմբում ընդգրկված են նաև երգիչ և երգչուհի:

«Կայթ» նվագախմբի երկացանկի մեծ մասը ներկայացնում է բանավոր ավանդույթով պահպանված և 19-20-րդ դարերում Կոմիտասի, Միհրան Թումաճյանի, Արամ Քոչարյանի ջանքերով գրառված նմուշներ։ Լինելով հայ ժողովրդական մի շարք երգերի և մեղեդիների առաջին բեմական կատարողը, համույթը փորձում է պահպանել ավանդույթը՝ ժամանակակից մտածողության պայմաններում։