Անցնել բովանդակությանը

· Դասական

Գևորգ Հակոբյանի «Արիաներ սիրո և թախիծի» ձայնասկավառակի շնորհանդեսը՝ Երևանում

Գևորգ Հակոբյանի «Արիաներ սիրո և թախիծի» ձայնասկավառակի շնորհանդեսը՝ Երևանում
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում հուլիսի 27-ին՝ ժամը 16:00-ին տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ Գևորգ Հակոբյանի թվով երկրորդ՝ «Արիաներ սիրո և թախիծի» (Arias of Love & Sorrow) ձայնասկավառակի շնորհանդեսը:

Այն թողարկել է ամերիկյան DELOS հայտնի ընկերությունը այս տարվա հունվարի 27-ին և արդեն արժանացել է մի շարք հեղինակավոր միջազգային պարբերականների ու քննադատների բարձր գնահատականներին: Ձայնասկավառում Հակոբյանին նվագակցում է Կաունասի սիմֆոնիկ նվագախումբը: Դիրիժորներն են Մետրոպոլիտեն օպերայի երաժշտական տնօրեն (1997-2006), դիրիժոր Ջոն Ֆիշերը և նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը՝ ում նախաձեռնությամբ և հովանու ներքո էլ լույս է տեսել ձայնասկավառակը:

Ձայնասկավառակն արժանացել է ամերիկյան հեղինակավոր Opera News Magazine-ի «քննադատների ընտրություն» վարկանիշին, ամսագրում նշվում է. «Հակոբյանը ցուցադրում է ձայնի թավ, մուգ տեմբր… լավ կենտրոնացում… նա յուրահատուկ ունակություն ունի զգացմունքներով պարուրել երաժշտական ֆրազները, ինչպես նաև շատ ողջունելի է դրանց դինամիկ երանգավորումը: Բարձր գնահատանքի արժանի մեկնաբանություն է» (Դեյվիդ Շենգոլդ, Opera News Magazine, հուլիս 2023): Եվրոպական Pizzicato ամսագիրն այն գնահատել է հինգ աստղ. «Այս ձայնասկավառակի բոլոր արիաները հարյուր տոկոսով համապատասխանում են Հակոբյանի դրամատիկ ձայնին... գերազանց բալանսավորված և նյուանսավորված՝ հարուստ արտահայտչականությամբ: Հրաշալի երգչի, հրաշալի ձայնասկավառակ›› (Remy Franck, Pizzicato Magazine, 27.01.2023): Այս բնագավառում ռաջատար բրիտանական GRAMAPHONE MAGAZINE-ը նշում է, որ Հակոբյանն օժտված է. «վեհաշուք, հզոր, դրամատիկ բարիտոնով՝ ազդեցիկ և հավասար հնչողությամբ, և այդ ձայնին համապատասխան փառահեղ ու հզոր կատարման ոճով» (Հուգո Շիրլի, GRAMAPHONE MAGAZINE, հուլիս 2023): Ամսագրում ասվում է, որ Հակոբյանն ուղղակի զինաթափում է ունկնդրին այն վեհ հպարտության զգացումով, որով կատարում է, հատկապես, հայկական արիաները:

Ձայնասկավառակում ընդգրկված են արևմտաեվրոպական օպերաներից բարիտոնի այնպիսի նշանակալից արիաներ, ինչպիսիք են Յագոյի («Օթելլո»), Նաբուկկոյի, Ժերարի («Անդրեա Շենիե»), Միկելեի («Թիկնոց»), Ռենատոյի (‹‹Պարահանդես-դիմակահանդես») արիաները, ռուսական օպերաներից Ալեկոյի, Կոմս Տոմսկու («Պիկ Թագուհի»), Արքայազն Իգորի, Գրիազնոյի («Ցարի հարսնացուն»), ինչպես նաև հայկական օպերաներից Արշակի Բ-ի, Դավիթ Բեկի և Մոսիի («Անուշ») արիաները: 

2015թ.-ի մայիսի 26-ին թողարկված Գևորգ Հակոբյանի առաջին ձայնասկավառակում ներկայացված են հայ դասականների ռոմանսները։