Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը World Folk Vision-ի եզրափակչում է - Armenian National Music (anmmedia.am)
Քանոնահարուհի Մարիաննա Գևորգյանը World Folk Vision-ի եզրափակչում է

Հրապարակվել է՝ Հնս 18 2020, 17:53

Հեղինակ՝ ANM Media
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քանոնահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մարիաննա Գևորգյանը մասնակցում է հեղինակավոր World Folk Vision մրցույթին։ Այսօր հայ քանոնահարուհին մրցույթի եզրափակիչ փուլում է։ Այս մասին ANM-ին հայտնեց Մարիաննան, հավելելով, որ եզրափակիչ փուլ է անցել 100 մասնակից։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 115 երկրից 3950 երաժիշտ։ 

«Ես ներկայանում եմ Հայաստանից՝ հայկական դրոշի ներքո։ Պատասխանատվությունն ու լարվածությունը հսկայական է, որովհետև բոլոր երկրների մասնակիցները պետական աջակցության ներքո են հանդես գալիս: Մասնակից երկրները շատ հզոր են և մի քանի մասնակից ունեն: Շատ ուրախ եմ, որ միակն եմ որ ներկայացել եմ քանոն նվագարանով ու կարող եմ ասել, որ Հայաստանի հանդեպ հարգանքը շատ մեծ է թե՛ մասնակիցների և թե՛ ժյուրիի կողմից։ Աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ նամակներ եմ ստացել, ինչը  շատ ուրախալի է»,-ասաց քանոնահարուհին։  

Կորոնավիրուսի համավարկով պայմանավորված՝ այս տարի մրցույթն անցկացվում է առցանց ձևաչափով, հաղթողը նույնպես որոշվելու է առցանց քվերարկությամբ։ Մարիաննա Գևորգյանին աջակցելու համար անհրաժեշտ է գրանցվել և քվեարկել մրցույթի
կայքում։

World Folk Vision-ի խորհրդի նախագահ Վ․ Պիսկուրևը քանոնահարուհուն բնութագրել է որպես վառ տաղանդի ներկայացուցչի, որն իրեն նվիրել է արվեստին   բացառիկ վարպետությամբ և արտիստությամբ գերել է աշխարհի ամենամեծ  մշակութային մրցույթի երկրպագուներին և իր ավանդն է ներդնում հայկական մշակույթի տարածման համար։ 

Քվեարկությունը մեկնարկել է այսօր և կշարունակվի մինչև հունիսի 28-ը։