Դեկտեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ավարտվեց Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: «Ամենակարևորը՝ փառատոնի շրջանակներում կատարվում է նոր երաժշտություն։ Փառատոնի շնորհիվ հնչած բազմաթիվ ստեղծագործություններ հետագայում ավելի մեծ ունկնդիր կհավաքեն և դահլիճներ կլցնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։ Փակման համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կատարեց Միխայիլ Կոկժաևի, Կարեն Անանյանի, Նարինե Զարիֆյանի, Անահիտ Կոստանյանի և Արփինե Կալինինայի, ինչպես նաև տարվա հոբելյար կոմպոզիտորներ Սերգեյ Աղաջանյանի և Ավետ Տերտերյանի կամերային ստեղծագործությունները: Որոշ ստեղծագործություններ հնչում էին առաջին անգամ։ «Շատ գործեր առաջին անգամ են կատարվում և դրանից լավ բան չի կարող լինել: Մենք ցանկանում ենք ամեն ինչ տեսնել կողք կողքի, դրա համար էլ մեկ համերգի ընթացքում հնչում են ինչպես երիտասարդների, այնպես էլ այն կոմպոզիտորների գործեր, ովքեր հիմա չկան»,-նշեց Ա․Սաթյանը, հավելելով, որ փառատոնը թույլ է տալիս բացահայտել բազմաթիվ նոր անուններ։ Փառատոնի բացման համերգը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին և անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի շրջանակներում հնչել են կամերային, երգչախմբային մի շարք ստեղծագործություններ։