Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ նախագծի շրջանակներում տեղի կունենա չորս համերգ: Ծրագիրը հաստատվել է ՀԿՄ սիմֆոնիկ և կամերային երաժշտության մասնաճյուղի երկու նիստերի ընթացքում: Հոկտեմբերի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախագիծը կսկսվի խոնարհում-հուշ ենթաբաժնով: Կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև այս տարի մահացած կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Ստեփան Շաքարյանի, Յուրի Հարությունյանի ստեղծագործությունները: Սա յուրատեսակ խոնարհում է ու ավանդույթ ՀԿՄ փառատոններում ևս մեկ անգամ հիշելու և մեծարելու մեր հեղինակներին: Համերգի երկրորդ բաժնում կհնչեն նաև ՀԿՄ անդամ կոմպոզիտորներ Դավիթ Սաքոյանի, Երվանդ Երկանյանի, Արսեն Հարությունյանի, Արթուր Միտինյանի և Աննա Զաքարյանի ստեղծագործությունները: Բեմում կլինեն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի երաժիշտները՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանի գլխավորությամբ: Փառատոնի երկրորդ համերգը կկայանա ՀԲԸՄ համերգասրահում՝ նոյեմբերի 19-ին: Կհնչեն Էդուարդ Հայրապետյանի, Արամ Հովհաննիսյանի, Զոհրաբ Փարեմուզյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Մարտին Ուլիխանյանի, Դավիթ Բալասանյանի, Հովհաննես Մանուկյանի ստեղծագործությունները: Նոյեմբերի 21-ին, Կամերային երաժշտության տանը կկայանա երգչախմբային համերգ, որտեղ կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև Աննա Ազիզյանի, Արմենուհի Կարապետյանի, Վահրամ Սարգսյանի, Աշոտ Ղազարյանի, Արտաշես Քարտալյանի երգչախմբային ստեղծագործությունները: Բեմում կլինի «Արահետ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Տանյա Մինասյան) և HI MUSIC բենդը (գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան): Նախագիծը կեզրափակվի դեկտեմբերի 9-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կկատարի Միխայիլ Կոկժաևի, Կարեն Անանյանի, Նարինե Զարիֆյանի, Անահիտ Կոստանյանի և Արփինե Կալինինայի՝ կամերային նվագախմբի համար գրված ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև տարվա հոբելյար կոմպոզիտորներ Սերգեյ Աղաջանյանի և Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները: Բոլոր համերգները կմեկնարկեն ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: