Հայկական երաժշտությունը հնչեցնելը մեր քաղաքականության մի մասն է․ Խաչատրյանի անվան տրիո  - Armenian National Music (anmmedia.am)
Հայկական երաժշտությունը հնչեցնելը մեր քաղաքականության մի մասն է․ Խաչատրյանի անվան տրիո

Հրապարակվել է՝ Փտվ 03 2020, 15:01

Հեղինակ՝ ANM Media
Արամ Խաչատրյանի անվան տրիոն (ջութակ՝ Կարեն Շահգալդյան, թավջութակ՝ Կարեն Քոչարյան, դաշնամուր՝ Արմինե Գրիգորյան), որը նշում է իր հիմնադրման 20-ամյակը, փետրվար ամսին ելույթ կունենա Ռուսաստանի Դաշնության 17 քաղաքներում՝ Եկատերինբուրգ, Մուրմանսկ, Տյումեն, Մոսկվա, Սոչի և այլն, ինչպես նաև Մերձբալթյան երեք երկրների մայրաքաղաքներում և այլ քաղաքներում։ «Ծրագրերը շատ տարբեր են և բազմազան, բայց շատ կարևոր է, որ մենք մեր հյուրախաղերի ժամանակ մշտապես ընդգրկում ենք Արամ Խաչատրյանի և մյուս հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, մանավանդ՝ այս տարի սկսվում են կոմպոզիտորական «Հնգյակի» հոբելյանները»,-ANM-ի թղթակցի հետ զրույցում նշեց տրիոյի դաշնակահարուհի, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

«Հնգյակից» այս տարի լրանում է Ալեքսանդր Հարությունյանի և Ղազարոս Սարյանի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի զարմիկի՝ Կարեն Խաչատրյանի 100-ամյա հոբելյանները։ Զուգահեռաբար կհնչեն նաև եկող տարվա հոբելյարներ Էդվարդ Միրզոյանի,Ադամ Խուդոյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Հրավիրող կողմը Ռուսաստանի ֆիլհարմոնիաներն են, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը, ճանապարհածախսերը հոգում է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Վերը նշված հեղինակներից զատ՝ Մերձբալթյան երկրներում տրիոյի երաժիշտները կկատարեն նաև Ալեքսանդր Սպենդիարյանի գործերից, քանի որ մյուս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով նշվելու է նաև կոմպոզիտորի 150-ամյակը և դա էլ կլինի նրանց առաջին քայլը այդ հոբելյանին ընդառաջ։ «Մերձբալթյան երկրներում համերգներն իրականանալու են Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, ի դեմս դեսպան Տիգրան Մկրտչյանի, որն ակտիվ մշակութային գործունեություն է ծավալում՝ ներկայացնելու հայ արվեստը Մերձբալթյան երկրներում։ Ես պատիվ կունենամ երրորդ անգամ այդտեղ ելույթ ունենալու, բայց տրիոյի կազմում՝ առաջին անգամ»։

Հայ հեղինակների ստեղծագործությունների կողքին հնչելու են նաև Ա․Դվորժակի, Կ․ Դեբյուսիի, Ս․ Ռախմանինովի, Մ․ Ռավելի գործերից։ Տրիոյի 20-ամյակին նվիրված համերգային շրջագայությունները կշարունակվեն մինչև սեպտեմբեր։ Այդ ժամանակահատվածում երաժիշտները ելույթ կունենան Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ «Այս տարիների ընթացքում տրիոյի ելույթների աշխարհագրությունը շատ է մեծացել, բոլոր մայրցամաքներում ելույթ են ունեցել։ Մեծ է և՛ քաղաքների թիվը, և՛ լսարանը։ Կան համերգներ, որոնք ուղղված են հայ համայնքին, մյուս մասն էլ նախատեսված է օտարազգի լսարանի համար։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է, որ հայ երաժիշտը հայկական երաժշտությունը հնչեցնի ու ներկայացնի օտար հանդիսատեսին։ Դա մեր մշակութային քաղաքականության մի մասն է կազմում»։