«Նաիրյան» վոկալ անսամբլը կբացի Vox Virtual առցանց միջազգային փառատոնը - Armenian National Music (anmmedia.am)
«Նաիրյան» վոկալ անսամբլը կբացի Vox Virtual առցանց միջազգային փառատոնը

Հրապարակվել է՝ Օգս 20 2020, 20:24

Հեղինակ՝ ANM Media
«Նաիրյան» վոկալ անսամբլի ելույթով կբացվի օգոստոսի 22-ին Vox Virtual առցանց փառատոնը, որը կազմակերպում է Classical Movements ընկերությունը։  Ամբողջ աշխարհից 10 փոքր պրոֆեսիոնալ վոկալ համույթների մասնակցությամբ առաջին առցանց ակապելլա փառատոնը նպատակն է միմյանց հիշեցնելու այն մասին, որ երաժշտական հանրությունն ուժեղ է նույնիսկ ֆիզիկապես առանձնացված լինելու դեպքում, ինչպես նաև միտված է ամբողջ աշխարհում գեղեցիկ երաժշտություն և համախմբվածության զգացում տարածելու համար։ 

Ինչպես
ANM-ի հետ զրույցում նշեց Նաիրյան վոկալ անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը, համերգը կհեռարձակվի տարբեր հարթակներում, այդ թվում՝ իրենց ֆեյսբուքյան էջում՝ Երևանի ժամանակով ժամը 22:00-ին։  

«Մոտ մեկ ժամ տևողությամբ համերգին ելույթ կունենանք մենք և ամերիկյան «Կանտուս» անսամբլը։ Հետաքրքիր փորձառություն էր մեզ համար։ Այսօրվա դժվար պայմաններում, չունենալով ոչ մի ֆինանսական աջակցություն՝ փորձել ենք գեղեցիկ մի բան պատրաստել»։  Բացի ելույթներից, նախատեսվում է նաև վարպետության առցանց վճարովի դասեր, որից ստացված ողջ հասույթը կբաժանվի փառատոնի մասնակիցների միջև։ Համերգի շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչները կներկայանան բացառապես հայկական ծրագրով և հայկական ժեստերի լեզունեորվ, իսկ վարպետության դասի ժամանակ կներկայանան Beatles-ից մեկ երգով՝ ամերիկյան ժեստերի լեզվով՝ միջազգային հանրությանն ավելի հասանելի լինելու համար։  

Vox Virtual-ը, հիմնադրված լինելով Olga վոկալային համույթի կողմից և ոգեշնչվելով Serenade! երգչախմբային փառատոնից, Classical Movements-ի օրինակով (որն իր հերթին 2011 թվականից ի վեր ամեն տարի համատեղ համերգների, արհեստանոցների և երգչախմբերի մասնակցությամբ անհատական և համատեղ ելույթներ ու մեկ եզրափակիչ համերգ է կազմակերպել Վաշինգտոնի մետրոպոլիայի տարածքում (ներառյալ Olga համույթը 2018-ին) և  միջազգային երգչախմբեր ու վոկալ խմբեր հրավիրել), ամեն օր ուղիղ եթերում կներկայացնի համերգներ, հարցազրույցներ և աշխատարաններ։ 

Vox Virtual-ը կներկայացնի աշխարհի ամենահետաքրքիր վոկալ խմբերից մի քանիսը՝ երաժշտական ազդեցությունների ու երգոցողության ոճերի լայն սպեկտրով, այդ թվում՝ «Ռուսթավի» անսամբլը (Վրաստան), The Swingles-ը (Միացյալ Թագավորություն), Cantus-ը (ԱՄՆ), Anúna-ն (Իռլանդիա), Olga վոկալային համույթը (Իսլանդիա և Նիդեռլանդներ), «Նաիրյան» վոկալային համույթը (Հայաստան), Les Itinérantes-ը (Ֆրանսիա), Insingizi-ն (Զիմբաբվե) և Accent-ը (միջազգային)։ 

1992 թվականին հիմնադրվելուց ի վեր Classical Movements-ն արժանանացել է արվեստի ազգային կազմակերպությունների բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, և որպես իսկապես գլոբալ ընկերություն այն շարունակում է հավատարիմ մնալ երաժշտության միջոցով մշակութային դիվանագիտության խթանմանը։