Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Armenian National Music-ը մասնակցում է WOMEX էքսպոյին

Armenian National Music-ը մասնակցում է WOMEX էքսպոյին
WOMEX-ը աշխարհի ամենաընդգրկուն և բազմազան միջազգային երաժշտական փառատոնն է, որն իր տանիքի տակ մեկտեղում մասնագիտական էքսպո, ելույթներ, ֆիլմեր, համերգներ՝ իր շուրջը հավաքելով երաժշտության ոլորտի մոտ 2,600 ներկայացուցիչների ավելի քան 90 երկրից։ Այս տարի WOMEX-ը տեղի է ունենալու Իսպանիայի Լա Կորունյա քաղաքում։

Մեր օրերի սոցիալական և քաղաքական ճգնաժամերի համատեքստում, երաժշտությունը հույսի յուրօրինակ փարոս է լուսավոր ապագան տեսնելու համար։ Լինելով ժամանակից անդին՝ երաժշտությունը կամուրջ է հանդիսանում սերունդների միջև՝ մեզ փոխանցելով մեր նախնիների իմաստությունը։ Ի սկզբանե, երբ ստեղծվեցին երաժշտական առաջին գործիքները, որոնք պարզապես կրկնօրինակում էին բնության հնչյունները, երաժշտությունը կարծես կապեց մեր մարմիններն այն հողին, որտեղ մենք ապրում ենք: Հայկական երաժշտությունը մեր յուրատիպ պատմության և մշակութային ժառանգության կենդանի վկայությունն է: Այս դժվարին ժամանակներում նրա արմատացած կապը մեր նախնիների և երկրի հետ ավելի առանձնահատուկ կարևորություն է ստանում: Այժմ, առավել քան երբևէ, հայկական երաժշտության ներկայացումը աշխարհին առանցքային և կենսական գործ է:

«ՀԲԸՄ Կատապուլտ տաղավար»-ը WOMEX 2023-ը կներկայացնի հայկական երաժշտության առաջամարտիկներին միջազգային հարթակում՝ համեմելով հայկական ավանդական ժողովրդական երաժշտությունը նոր մեղեդիներով, ինչը կարտացոլի ժողովրդի պատմությունը և ներկան։ Մասնակիցների թվում է նաև
Armenian National Music ընկերությունը։

Հայաստանը ներկայացնում են նաև հետևյալ կազմակերպությունները․ «Օբերտոն» երաժշտական ընկերություն, «Քիչն լաբ» ստեղծարար կենտրոն, «Հայկական վայբս»,  «Ուրվական» միջազգային փառատոն, Հայաստանի պետական ֆիլհարմոնիա, Հայաստանի պետական ջազ նվագախումբ, Ջինջ, Գուրջիև անսամբլ, Նաղաշ անսամբլ, Տիեզերք, Միքայել Ոսկանյան, ՄՎՖ բենդ, Բամբիր, Թմբաթա նվագախումբ, ՖԻՔՍ  (FIX) խումբ, «Հող» էթնո էլեկտրո նախագիծ։