Անցնել բովանդակությանը

· Դասական

Armenian National Music-ը ներկայացնում է նոր նախագիծ` ANM Artists

Armenian National Music-ը ներկայացնում է նոր նախագիծ` ANM Artists
Armenian National Music-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է ANM (Armenian National Music) Artists նախագիծը։ Այն օնլայն համերգաշար է, որտեղ ներգրավված են Armenian National Music-ի ժանրային կատեգորիաներին համապատասխանող հայ լավագույն երաժիշտ-կատարողները։ Ծրագիրն իր մեջ ներառում է հայկական ժողովրդական երաժշտությունից մինչև համաշխարհային դասական գլուխգործոցներ։

Համերգները պրոֆեսիոնալ տեխնիկայով ձայնագրվել և նկարահանվել են ANM-ի կողմից։ Նախագծին մասնակցել են Հայաստանում ու արտերկրում հայտնի երաժիշտներ, որոնց թվում են՝ Լիանա Ալեքսանյանը (սոպրանո), Անուշ Նիկողոսյանը (ջութակ), Հայկ Մելիքյանը (դաշնամուր), Ռուզան Մանթաշյանը (սոպրանո), Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Դիանա Ադամյանը (ջութակ), Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր), Ծիրանի անսամբլը, Դավիթ Բալասանյանը (կոմպոզիտոր, դաշնակահար), Հասմիկ Բաղդասարան-Դոլուխանյանը (սոպրանո), Ալեակ ֆոլկ տրիոն, Նաիրյան անսամբլը, Վահագն Հայրապետյան տրիոն, Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոներվատորիայի լավագույն ուսանողները և այլոք։

Նախագծի շրջանակներում երկու նոր ստեղծագործություն է պատվիրվել ժամանակակից կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանին (ֆլեյտայի, կլարնետի և դաշնամուրի համար) և Աշոտ Զոհրաբյանին (ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար), որոնք կկատարվեն ու կձայնագրվեն «Ասոնանս» անսամբլի կողմից 2022-2023 թվականի համերգաշրջանում։

Համերգների նկարահանումներն ավարտված են, առցանց ցուցադրությունները կիրականացվեն դեկտեմբեր ամսվա երկրորդ կեսին։