Անցնել բովանդակությանը

· Դասական

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ անվանական հուշամեդալներ ունի
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը 92-ամյա հարուստ պատմությանն ու ժառանգությանը նվիրված ոսկե, արծաթե և բրոնզե հուշամեդալներ է թողարկել: Օպերային թատրոնում այս կապակցությամբ տեղի է ունեցել թատրոնի անվանական հուշամեդալների շնորհանդեսը, որը թողարկվել է «47 դիզայն» ընկերության հետ համագործակցությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ տեղակալ Դանիել Դանիելյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, «47 դիզայն» ընկերության տնօրեն Արսեն Մելիքսեթյանը, մշակութային կազմակերպությունների տնօրեններ և հյուրեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ օպերային թատրոնի զարգացումը լավագույնս արտացոլում է մշակույթի և ժամանակակից արվեստի ոլորտում պետական քաղաքականությունը. «Օպերային թատրոնը ֆինանսավորման նոր մոդելով աշխատելու առաջամարտիկն է։ Մի կողմից բարդ էր գնալ այդ փորձարկմանը, մյուս կողմից՝ առկա զարգացման նախադրյալները ցույց էին տալիս, որ հնարավորություն կար ունենալ աշխատանքի նոր կանոններ, որոնք թատրոնում իրավիճակի բարելավում են ապահովելու։ Այսօր, երբ արդեն նոր մոդելով աշխատելու գրեթե 2 տարվա փորձ ունենք, թատրոնում էական և որակական փոփոխություն ենք արձանագրում։ Ուրախ եմ այս ամենի համար և վստահ, որ այս դրական տեղաշարժը տեսանելի է նաև հանդիսատեսի համար, ինչի մասին վկայում է թատրոն այցելած հանդիսատեսի մեծ թիվը»:

Հուշամեդալները թողարկվել են սահմանափակ քանակությամբ: Մեդալի դարձերեսին Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարն է, դիմերեսին՝ Օպերային թատրոնի շենքը, որը Երևան քաղաքի խորհրդանիշերից է և Ալեքսանդր Թամանյանի լավագույն ճարտարապետական կոթողը: