Մոցարտը՝ քաղաքում - Armenian National Music (anmmedia.am)
Մոցարտը՝ քաղաքում

Հրապարակվել է՝ Սպտ 22 2020, 10:31

Հեղինակ՝ ANM Media
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին, LOFT ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում կկայանա «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն: Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների ելույթը կուղեկցվի ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով: 

Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Արամ Ասատրյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ) և Վահե Դանիելյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն Մոցարտի դո մաժոր, ռե մաժոր և լա մաժոր կվարտետները, ինչպես նաև կցուցադրվեն նկարիչ Արթուր Հովհաննիսյանի «Forms and reflections» գեղանկարչական շարքի աշխատանքները։

Համերգի մասնակից, ՀԱՖՆ առաջին ջութակների խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանը ծրագրի ընտրության հետ կապված նշում է. «Մոցարտը հանճարեղության մարմնացում է, եթե ինձ ասեն՝ պատկերացրու Աստծու կողմից ստեղծված կատարյալ մի բան, դա կլինի Մոցարտը՝ իր ստեղծագործություններով, ապրած կյանքով և իր անհատականությամբ: Նա և՛ ակադեմիական է, և՛ ժամանակակից: Մոցարտը պարտադիր երևույթ է մարդու հոգու գոյության համար, դա իմ երաժշտությունն է: Իսկ մեր հանդիսատեսի հետ հանդիպմանը շատ երկար ենք սպասել, վստահ եմ՝ նրանք նույնպես»:

Ֆլեյտահար Նարեկ Ավագյանը (ՀԱՖՆ ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր) հավելում է, որ Մոցարտը միակ կոմպոզիտորն է, ով կվարտետներ է գրել ֆլեյտայի և լարայինների համար։  Վերջիններիս կատարումը համերգը դարձնում է ավելի բացառիկ, քանի որ նման կազմով երաժիշտները հավաքվում են միայն այս կվարտետները նվագելու համար և միայն շատ հատուկ առիթների ժամանակ։ Արտակարգ դրությունից հետո առաջին կենդանի կամերային համերգն արժանի առիթ է, որպեսզի հնչեն այս երեք նրբագեղ, հանճարեղ, բովանդակալից արվեստի գլուխգործոցները։ Հանդիսատեսի հետ հանդիպումը շատ սպասված է։ 

«Շատ ուրախ եմ, որ մշակութային կյանքն աստիճանաբար վերակենդանանում է: Ինձ համար Լոֆթի հետ աշխատելը միշտ հաճելի է, իսկ  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը՝ պատվաբեր: Կարծում եմ, որ միջոցառումը հետաքրքիր արդյունք կունենա և դրական հույզեր կպարգևի բոլոր ներկաներին»,-նշում է գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանը։