Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Pour toi Arménie․ համերգ՝ նվիրված մեծ շանսոնյեին

Pour toi Arménie․ համերգ՝ նվիրված մեծ շանսոնյեին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 19:00-ին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում տեղի կունենա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» խորագրով համերգը:

Երեկոյի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Ազնավուրի հայտնի ու սիրված երգերը: Համերգի հատուկ հյուրն է լիբանանցի երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը, ով հայտնի է Ազնավուրի երգերի կատարումներով և հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես գալիս Եվրոպայում: Համերգին մասնակցում են նաև հայ անվանի էստրադային երգչուհիներ Սյուզաննա Մելքոնյանը և Նաիրա Մանուչարյանը:

Համերգի կազմակերպիչն է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Ազնավուրի երաժշտությունը կհնչի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ վերջինիս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Ֆրանսիական շանսոնի բոլոր սիրահարներին և երկրպագուներին սպասվում է անմոռանալի տոնական երեկո:

Բացի Ազնավուրին նվիրված «Pour toi Arménie» համերգից, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու հետևյալ տոնական համերգները՝ դեկտեմբերի 26-ին՝ ‹‹Christmas Jazz››, դեկտեմբեր 28-ին՝ ‹‹Home Alone in Concert›› (ֆիլմի երաժշտությունը՝ ուղեկցվող կադրերով), հունվարի 13, 14-ին՝ ‹‹Christmas Sinatra››`աֆրոամերիկացի վառ ու խարիզմատիկ երգիչ Մարվին Մոնեկեի (Մեծ Բրիտանիա) և Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ:

Pour toi Arménie․ համերգ՝ նվիրված մեծ շանսոնյեին · Armenian National Music