«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն». կձայնագրվեն ու կտեսագրվեն բոլոր 9 սիմֆոնիաները  - Armenian National Music (anmmedia.am)
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն». կձայնագրվեն ու կտեսագրվեն բոլոր 9 սիմֆոնիաները

Հրապարակվել է՝ Օգս 06 2020, 10:58

Հեղինակ՝ ANM Media
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ․  կտեսագրվեն ու կձայնագրվեն Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները։  Նախագիծը կիրականանա «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում՝ հանրահայտ հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։ Ձայնագրման և տեսագրման ողջ ընթացքն իրականանալու է Armenian National Music ընկերության անմիջական մասնակցությամբ։ Վերջինս համագործակցում է աշխարհի լավագույն դիրիժորների, մենակատարների, երաժշտական կոլեկտիվների հետ։ Նա ՀԱՖՆ-ի կատարմամբ Խաչատրյանի թիվ 2 և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաների վերջերս արված ձայնագրություններն ունկնդրելուց հետո մեծ ուրախությամբ համաձայնել է իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրությունները։ 

ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծում է՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է․ «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ծրագրում է ձայնագրել մեծանուն կոմպոզիտորի բոլոր 9 սիմֆոնիաները, ինչը Հայաստանի պատմության մեջ կլինի իսկապես չտեսնված երևույթ՝ իր որակով և լրջությամբ։ Սեպտեմբերից նվագախմբի հետ կսկսենք Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են. պարետի թույլտվությամբ սկսվել են նվագախմբի 58-հոգանոց խմբով փորձերը, Էվերետ Պորտերի և այլ մասնագետների հետ իրականացնում ենք ամենօրյա քննարկումներ։ Առավել քան վստահ եմ, որ բարձր մակարդակով ձայնագրություն և տեսագրություն կատարելու դեպքում կարող ենք ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել մեր նվագախմբի վրա»։ 

Նրա խոսքով՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Փառատոնին պետք է մասնակցեին և Հայաստան ժամանեին բազում ճանաչված մենակատարներ և դիրիժորներ։ Սակայն այս պահին ամենաիրատեսական տարբերակը սիմֆոնիաների ձայնագրությունն է։

Սիմֆոնիաների ձայնագրման և տեսագրման աշխատանքներից բացի, Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև այլ միջոցառումներ։ Նախատեսվում է կազմակերպել ՀԱՖՆ մենակատարների կամերային համերգների առցանց հեռարձակում։ «Ասոնանս» անսամբլը հանդես կգա «Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով» ծրագրով՝ ներկայացնելով բեթհովենյան թեմաներով գրված 9 պիեսների պրեմիերա։ Կպատրաստվի և կցուցադրվի Բեթհովենին նվիրված վավերագրական ֆիլմաշար, ինչպես նաև կկազմակերպվի գիտական վեբինար, որի ընթացքում անդրադարձ կկատարվի մեծանուն կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։ 

Էդուարդ Թոփչյանը նշում է, որ ամբողջ աշխարհում Բեթհովենի հոբելյանին նվիրված տոնակատարությունները տեղափոխվել են 2021 թվական, և Ֆիլհարմոնիկն անելու է ամեն ինչ, որ հաջորդ տարի ևս նշի այդ հոբելյանը։ 

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն կեզրափակվի Բեթհովենի ծննդյան օրը՝ այս տարվա դեկտեմբերի 16-ին: