Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը առաջին անգամ հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում։ Նվագախմբի շրջագայությունները կսկսվեն դեկտեմբերի 27-ին և կշարունակվեն մինչև 2020 թ. հունվարի 9-ը։ ՀԱՖՆ-ը կունենա 10 համերգ՝ 9 քաղաքներում, այդ թվում՝ Շանհայի Մեծ թատրոնում և Պեկինի ազգային օպերայում։ Բոլոր համերգներին կկատարվեն Արամ Խաչատրյանի "Դիմակահանդես"֊ը, Ն. Ռիմսկի ֊Կորսակովի «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը, հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» և Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետներից։ «Մեր համերգները հիմնականում ծայրից ծայր տրամադրվելու են մեզ, միայն մի քանի համերգներ ենք ունենալու մենակատարի մասնակցությամբ։ Դա շատ ավելի բարդ խնդիր է, քանի որ ողջ ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնանալու է մեզ վրա։ Մի կողմից ուրախ եմ, որ վստահել են, մյուս կողմից էլ՝ բարդ է լինելու»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Հյուրախաղերը կիրականան ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ, անգլիական Armstrong International Music և Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ։ «Իր ծավալներով և քաղաքական նշանակությամբ այս հյուրախաղերը ունեն բացառիկ կարևորություն։ Յուրաքանչյուր պետության համար մշակույթը ռազմավարական զենք է։ Այսօր բոլորն են խոսում այն մասին, որ ֆիլհարմոնիկը բարձր կատարողական վարպետության է հասել։ Սա շատ լուրջ խթան է լինելու երկու երկրների մշակութային հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Բոլորը գիտեն, թե ինչ ռազմավարական նշանակություն ունի Չինաստանը։ Հարյուր-հազարավոր չինացիներ առաջին անգամ են լսելու Հայաստանի անունը ինչը ստիպելու է նրանց հետաքրքրվել Հայաստանով»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Նրա խոսքով՝ հյուրախաղերը խթան են հանդիսանալու, որպեսզի մեծ թվով չինացի զբոսաշրջիկներ այցելեն Հայաստան։ Այս անգամ աննախադեպ ծավալի է հասել ինչպես պետության աջակցությունը, այնպես էլ՝ հրավիրող կողմի ծախսերը։ Լուսանկարը՝ Մարիա Վարդանյանի/ՀԱՖՆ