Բոլոր արտիստները հավասար են, սակայն որոշ արտիստներ ավելի հավասար են, քան մյուսները - Armenian National Music (anmmedia.am)
Բոլոր արտիստները հավասար են, սակայն որոշ արտիստներ ավելի հավասար են, քան մյուսները

Հրապարակվել է՝ Հլս 10 2020, 15:33

Հեղինակ՝ ANM Media
Մարտի 15-ին ողջ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարվեց արտակարգ դրություն, որը շարունակվում է առ այսօր։ Եթե շատ ոլորտներում սկսեցին գործել տարբեր սահմանափակումներ, ապա մշակույթի ոլորտն ամբողջովին կաթվածահար եղավ։ Եթե պետական կոլեկտիվներում աշխատող երաժիշտները ստանում էին իրենց փոքրիկ աշխատավարձները, մասնավոր ստեղծագործողները հայտնվեցին և մինչև այժմ էլ կանգնած են փաստի առաջ։ 

Պարետատան մայիսի 15-ի որոշմամբ կատարողական արվեստի բնագավառում թույլատրվեց գործունեություն՝  բացառապես  փորձերի  մասով,  առավելագույնը  10  հոգու  մասնակցությամբ՝  թատերախմբերի,  նվագախմբերի  և  երգչախմբերի  դեպքում,  առավելագույնը  7  հոգու  մասնակցությամբ՝ պարային խմբերի դեպքում։ Արդյունքում՝ ստեղծագործական կոլեկտիվները սկսեցին փոքր կազմերով առցանց համերգներ տալ, փորձերի դեպքում որոշները տեղափոխվեցին բացօթյա տարածքներ։ Այսօր աշխարհի տարբեր երկրներում վերսկսվում է համերգային գործունեությունը, սակայն կամերային կազմով։ Բացի Նոր Զելանդիայի նվագախմբից՝ ոչ մի կոլեկտիվ ամբողջական կազմով ելույթ չի ունենում։ Կասեք՝ «էլի բան ա»։ 

Ամեն ինչ կմնար «էլի բան ա» հարթության վրա, եթե անակնկալ կերպով երեկ չհայտարարվեր, որ  հուլիսի 10-28-ը Երևանում անցկացվելու  է «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոն, որի շրջանակներում 19 օր շարունակ կայանալու են 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։ Ձայնագրությունների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվագում է ամբողջ կազմով։ Այսինքն 100-ից ավելի երաժիշտ հայտնվում է նույն բեմում։  Ավելին՝ նրանց միանում են աշխարհի տարբեր երկրներից եկած մենակատարներ ու դիրիժորներ։ Այդ ինչպե՞ս են փակ սահմանների պարագայում մարդիկ գալիս Հայաստան։ Պատասխանում ենք․ պարետատան թույլտվությամբ։ Եվ ոչ միայն թույլտվությամբ։ Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը,  պարետատունը նաև գրավոր հրավեր է ուղարկել արտիստներին։ Մնչև դեռ նույն պարետատունը առայժմ չի թույլատրում նույնիսկ բացօթյա համերգներ իրականացնել՝  անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ, ավելի մեծ կազմով ձայնագրություններ անել՝ չնայած բոլոր հաշվարկները նախապես արվում է։ Սակայն երեկ պարզվում է՝ Մարզահամերգային համալիրի բեմը հարմար է, երաժիշտների միջև պլաստիկ պատնեշներ դնելը՝ բավական։ Արտերկրից ժամանած արտիստները մեկ անգամ թեստավորվելով և առանց երկու շաբաթ պարտադիր մեկուսացման կարող են գալ Երևան, առանց դիմակ ֆոտոսեսիաներ անեն քաղաքի փողոցներում և չտուգանվեն։ 

Ջորջ Օրուելն իր «Անասնաֆերմա»-ում գրում է․ «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մնացածը»: Այս համատեքստում այն կարելի ա է վերաձևակերպել այսպես․ «Բոլոր արտիստները հավասար են, սակայն որոշ արտիստներ ավելի հավասար են, քան մյուսները»։  Քանի դեռ ոլորտում աշխատողների ճնշող մեծամասնությունը լռում է, որոշ արվեստագետներ շարունակելու են իրենցից ավելի հավասար լինել։ 

Հ․Գ․
Armenian National Music-ը պատրաստ է հարթակ տրամադրել բոլոր այն արվեստագետներին, ովքեր կցանկանան իրենց կարծիքն արտահայտել ցանկացած թեմայի շուրջ և վեր հանել առկա խնդիրները։

Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան