Անցնել բովանդակությանը

· Դասական

«Մորավյան աշուն» փառատոնը եզրափակվեց հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով

«Մորավյան աշուն» փառատոնը եզրափակվեց հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել չեխական «Մորավյան աշուն» (Moravský podzim) 51-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր փակմանը:

Հոկտեմբերի 17-ին Բռնոյի Յանաչեկի անվան թատրոնում նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կատարեց բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված ծրագիր. Տիգրան Մանսուրյանի «... and then I was in time agai» ստեղծագործությունը՝ գրված ալտի և կամերային նվագախմբի համար, մենակատար՝ Լուկա Ռանիերի (Իտալիա), Ավետ Տերտերյան՝ Սիմֆոնիա թիվ 3 և Արամ Խաչատրյան՝ Սիմֆոնիա թիվ 2:

Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ հայկական երաժշտությունն այս տարվա «Մորավյան աշուն» փառատոնի գլխավոր թեմաներից մեկ էր: Համերգից հետո, Բռնոյի Ֆիլհարմոնիայի տնօրեն Մարի Կուչերովան ասաց, որ հրավիրելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկին՝ իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայաստանին, որպես երաժշտական հարուստ ավանդույթներով երկրի, հատկապես, երբ Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր անկախության 30-ամյակը:

Համավարակով պայմանավորված՝ միջազգային շրջագայությունների սահմանափակումների չեղարկումից հետո սա Ազգային ֆիլհարմոնիկի երկրորդ հյուրախաղերն են: Հայաստանի սահմաններից դուրս Ֆիլհարմոնիկի առաջին համերգը կայացել է հոկտեմբերի 6-ին՝ Իտալիայի Հանրապետությունում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցելության կապակցությամբ: