Ֆրանսիական Agence Massis Opéra գործակալությունը, որի արտիստների թվում է նաև սոպրանո Ռուզան Մանթաշյանը, հայտարարություն է տարածել հայ երգչուհու՝ Semper Operaball-ում չեղյալ հայտարարված ելույթի մասին։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ փետրվարին 7-ին կայանալիք դրեզդենյան օպերային պարահանդեսին կազմակերպիչները հետաքրքրված են եղել երգչուհու ելույթով։ Ըստ հայտարարության՝ դեռ 2019-ի սեպտեմբերից պարահանդեսի կազմակերպիչները նամակագրական կապի մեջ են եղել երգչուհու հետ և մանրամասն քննարկվել են պայմանագրի դրույթները։ «2020 թվականի հունվարի 10-ին մենք ստացել ենք վերջին գրավոր հաղորդագրությունն այն մասին, որ Ռուզան Մանթաշյանի ելույթը չեղարկվում է, որովհետև Յուսիֆ Էյվազովը չի ցանկանում նրա հետ հանդես գալ Դրեզդենի պետական օպերայում` էթնիկ պատկանելության պատճառով։ Ուստի Massis Opéra-ի հասցեին հնչեցրած մեղադրանքներն անհիմն են»,- նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցի երգիչ, սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ մեկ բեմում [https://anmmedia.am/hy/news/anna-netrebko-azeri-husband-refuses-to-perform-on-the-same-stage-with-armenian-soprano-ruzan-mantashyan/] ՝ Դրեզդենի ամենամյա պարահանդեսի բացման ժամանակ։ Ավելի ուշ Յուսիֆ Էյվազովը հերքեց [https://anmmedia.am/hy/news/why-armenian-soprano-ruzan-mantashyan-doesnt-perform-at-dresden-opera/] այդ լուրը, նշելով, որ իր քաղաքական հայացքները երբեք չեն ազդում իր պրոֆեսիոնալ գործունեության վրա։ Սակայն մամուլում տարածված լուրերի համաձայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ Աննա Նետրոբկոյի ամուսինը հրաժարվում է ելույթ ունենալ հայ արտիստի հետ։ Ավելի վաղ նա հրաժարվել էր ելույթ ունենալ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ, և դիրիժորը փոխարինվել էր ազգությամբ ռուս դիրիժորով։