Անցնել բովանդակությանը

· Դասական

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6 մրցույթ-փառատոնին մասնակցել է ավելի քան 1500 սան

«Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6 մրցույթ-փառատոնին մասնակցել է ավելի քան 1500 սան
Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում կայացել է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գալա համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացված փառատոնին ավելի քան 150 պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունների շուրջ 1500 սաներ են մասնակցել:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարարի տեղակալը, ողջունելով փառատոնի մասնակիցներին, ընդգծել է մրցույթի կարևորությունը՝ որպես տաղանդավոր երեխաների բացահայտման և մարզերում մշակութային կյանքի զարգացման հարթակ:
«Պատրաստ ենք շարունակելու աջակցությունն այսպիսի նախաձեռնություններին, որոնք խթանում են արվեստի ապակենտրոնացումը և նոր սերնդի ստեղծագործական աճը»,-ասել է Դանիել Դանիելյանը։

Փառատոնն անցկացվել է 13 անվանակարգում, այդ թվում՝ դաշնամուր, լարային, ժողովրդական և փողային նվագարաններ, երգեցողություն և այլ ուղղություններ։ Մասնագիտական 39-հոգանոց հանձնաժողովում ընդգրկված են արվեստի վաստակավոր արտիստներ, հայտնի երաժիշտներ և ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։

Այս տարի փառատոնում առաջին անգամ ընդգրկվել է նաև «Հեղինակային երգ» անվանակարգը, որի գալա համերգն ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենան Ջերմուկում՝ «Ջերմ Ամանոր Ջերմուկում» հեղինակային երգի մրցույթ-փառատոնի շրջանակում:

Փառատոնի հիմնադիրներն են «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը և Վաղարշապատի համայնքապետարանը։

Մրցույթի նպատակն է ակտիվացնել մարզային մշակութային կյանքը և բացահայտել 8-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ սաներին՝ ապահովելով նրանց մասնագիտական օժանդակությունը արվեստի և երաժշտական ուսումնական հաստատություններում։