Անցնել բովանդակությանը

· Դասական

Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ

Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հունվարի 24-ին ընդունել է իրանահայ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանին: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, հայտնում է հաստատության Հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Երաժշտական արվեստում Ձեր հեղինակած ժառանգությունն ու ավանդը անգնահատելի են բոլորիս համար: Ուրախ եմ հայրենիքում Ձեզ կրկին տեսնելու համար: Հույս ունեմ՝ կկարողանանք համատեղ ծրագրեր նախաձեռնել»,- ողջունելով մաեստրոյին՝ նշել է Վահրամ Դումանյանը: Նախարարը հետաքրքրվել է կոմպոզիտորի գործունեությամբ, ընթացիկ աշխատանքներով:

«Աշխատանքը կյանքը քաղցրացնում է»,- ասել է մաեստրոն: Նրա տեղեկացմամբ՝ վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ. երկու մեծ ստեղծագործություն նվիրել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, իսկ վերջին գործը ռեքվիեմ է՝ ի հիշատակ կորոնավիրուսի համաճարակի զոհերի: Լորիս Ճգնավորյանը նշել է, որ ամեն անգամ մեծ սիրով և սպասումով է գալիս Հայաստան. «Հայրենիքի հետ ինձ կապում են նաև ամենախենթ հիշողությունները»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ նախաձեռնությունների, ծրագրերի մշակման և իրականացման, մաեստրոյի նոր ստեղծագործությունները հայրենիքում ներկայացնելու հնարավորություններն ու հեռանկարները:


Լորիս Ճգնավորյանը վերջին 2 տարում հեղինակել է ավելի քան 40 գործ · Armenian National Music