Էդուարդ Թոփչյանը և «Հովեր» երգչախումբը ելույթ կունենան Սիցիլիայում - Armenian National Music (anmmedia.am)
Էդուարդ Թոփչյանը և «Հովեր» երգչախումբը ելույթ կունենան Սիցիլիայում

Հրապարակվել է՝ Հնվ 20 2020, 15:43

Հեղինակ՝ ANM Media
ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Այս անգամ Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան):

Համերգները կկայանան հունվարի 24-ին և 25-ին Politeama Garibaldi թատրոնում (Պալերմո): Ծրագրում կհնչեն Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: Համերգին մասնակցում են Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր) և Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):

«Ուրախ եմ կրկին ելույթ ունենալ Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ, այն էլ՝ այսպիսի գեղեցիկ ու յուրահատուկ ծրագրով: Ծրագրում հնչելու է Շոստակովիչի «Բաբի Յառ» սիմֆոնիան, որը երաժշտական ու դրամատուրգիական առումով շատ բարդ ու ազդեցիկ ստեղծագործություն է: Կրկնակի ուրախ եմ, որ այդ գործը կատարելու ենք «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ: Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարչելլո Պաննին ինձ խնդրեց «Բաբի Յառ»-ի կատարման համար ռուսերենին լավ տիրապետող և ճիշտ շեշտադրությամբ երգող երգչախումբ առաջարկել և իմ ընտրությունը կանգնեց «Հովեր»-ի վրա: Այս երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, իմ երկար տարիների հավատարիմ գործընկերն է։ Ես բարձր եմ գնահատում գործի հանդեպ նրանց պատասխանատու վերաբերմունքն ու մասնագիտական բարձր որակները: Մեծ անհամբերությամբ եմ սպասում Պալերմոյում կայանալիք մեր ելույթներին»:

«Հովեր» երգչախմբի հիմնադիր, ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը հավելում է. «Երգչախմբի հետ աշխատանքներն ամբողջովին ավարտված են: Այս ստեղծագործությունը ներկայացնելու ենք «Հովեր» երգչախմբի բաս-բարիտոնների կազմով, որը համալրվել է կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի ուսանողներով և Ազգային ակադեմիական երգչախմբի հրավիրյալ երգիչներով: Երաժշտական առումով պատրաստ լինելուց բացի, խորապես ուսումնասիրել ենք ստեղծագործության նախապատմությունը: Հատկապես ուրախ ենք, որ այս ծրագիրն իրականություն կդառնա Թոփչյանի ղեկավարությամբ։ Նա մեր ամենանախընտրելի դիրիժորներից է: Անհամբերությամբ սպասում եմ հայ և իտալացի երաժիշտների համատեղ փորձերին»:

Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան գրված է Եվգենի Եվտուշենկոյի համանուն բանաստեղծության հիման վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ֆաշիստները գազանաբար հաշվեհարդար տեսնում հրեաների հետ Կիևից ոչ հեռու՝ Բաբի Յառ կոչվող տեղանքում: Հինգ մասից բաղկացած սիմֆոնիան փոխանցում է այդ դեպքերի ողջ արհավիրքն ու ողբերգությունը: «Բաբի Յառ» սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1962թ. դեկտեմբերին, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում (դիրիժոր՝ Կիրիլ Կոնդրաշին):

Ծրագրում կհնչի նաև Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը՝ գրված շեփորի, անգլիական եղջերափողի և լարայինների համար: Այն գրվել է երիտասարդ Իրվին Շոուի թատերական ստեղծագործության համար: «Խաղաղ քաղաք»-ը բացառիկ նրբագեղությամբ օժտված երաժշտական ստեղծագործություն է: Պրեմիերան կայացել է Նյու Յորքում, 1941թ-ի հունվարի 28-ին (դիրիժոր՝ Դանիել Սայդենբերգ):

Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները կայացել են 2019թ. մարտի 15֊ին և 16-ին, ծրագրում հնչել է Շոստակովիչի Թիվ 6 սիմֆոնիան, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի Լյա մինոր թավջութակի կոնցերտը և Մոցարտի Լյա մաժոր կլարնետի կոնցերտը, մենակատարներ՝ Լուդովիկա Ռանա (թավջութակ) և Ալեսանդրո Կարբոնարե (կլարնետ):