Անցնել բովանդակությանը

· Դասական

«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան Ազնավուրյան քույրերը

«Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան Ազնավուրյան քույրերը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգան Ազնավուրյան քույրերը (ԱՄՆ)՝ Անի Ազնավուրյանը (թավջութակ) և Մարթա Ազնավուրյանը (դաշնամուր)։ Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Ծրագրում՝ Կոմիտասի Չինար ես, Ծիրանի ծառ, Ալ Այլուղս, Կռունկ, Փիթեր Բոյերի Արարատ լեռը, Յոհանես Բրամսի Թավջութակի սոնատ համար 1, մի մինոր, Վաչե Շարաֆյանի Քարացած պար, Ավետ Տերտերյանի Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, Գրեգոր Պիատիգորսկու Վարիացիաներ Պագանինիի թեմաներով ստեղծագործություններն են։

«Իսկական արվեստագետներ, որոնք ցույց են տալիս յուրահատուկ զգայնություն և բացառիկ վիրտուոզիտության բոլոր պահերին»․ այսպես է քույրերի մասին արտահայտվել Los Angeles Times-ը։ Քույրերն առաջին անգամ համերգով հանդես են եկել, երբ համապատասխանաբար 4 և 8 տարեկան են եղել․բարեհաջող ելույթը վերածվեց ակտիվ գործունեության։ Համերգներով հանդես են եկել Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Քարնեգի հոլում, Քեննեդի սենթրում, բազում ծրագրեր են ներկայացրել Չիկագոյում (որտեղ այս պահին բնակվում են), այդ թվում Սպիտակի երկրաշարժի ֆոնդահայթայման նպատակով։ 2022 թվականին թողարկել են դեբյուտային Gems from Armenia սկավառակը։