· News
BBC-ն երկու ժամանոց հաղորդում է նվիրել Հայաստանի նոր երաժշտությանը՝ անդրադառնալով Notations-ին
Հայաստանի ժամանակակից երաժշտական ասպարեզը հայտնվել է BBC-ի ուշադրության կենտրոնում․ BBC Radio 3-ի New Music Show-ն շուրջ երկու ժամանոց հատուկ թողարկում է նվիրել Հայաստանի նոր երաժշտությանը՝ ներկայացնելով հայ ժամանակակից կոմպոզիտորների, երաժիշտների և արվեստին առնչվող նախաձեռնությունների գործունեությունը։
«New Music in Armenia» խորագրով թողարկման ընթացքում հաղորդավար Թոմ Սերվիսը զրուցել է Հայաստանի երաժշտական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հաղորդման հյուրերն էին Assonance Ensemble-ի կոմպոզիտորներ և ղեկավարներ Արամ Հովհաննիսյանն ու Սերգեյ Ումրոյանը, ինչպես նաև երաժիշտ և Notations լաբորատորիայի և փառատոնի համակարգող Լուսինե Մլքե-Գալստյանը։
Հաղորդման առանցքում Հայաստանի նոր երաժշտության բազմազանությունն է՝ ժամանակակից կոմպոզիցիայից և փորձարարական երաժշտությունից մինչև նոր ձայնային ձևեր ու միջդիսցիպլինար արվեստ։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում hosq հիմնադրամի կողմից անցկացված Notations լաբորատորիային և փառատոնին, որը վերջին տարիներին ձևավորվում է որպես ժամանակակից և փորձարարական արվեստի միջազգային կարևոր հարթակ։ Հաղորդման ընթացքում ներկայացվել է լաբորատորիայի և փառատոնի գաղափարը, դրա միջազգային բնույթը և այն միջավայրը, որը Երևանում ստեղծվում է հայ և միջազգային արվեստագետների համագործակցության համար։
Ծրագրի շրջանակում հնչել են ժամանակակից երաժշտության մի շարք ուշագրավ ստեղծագործություններ՝ ներկայացնելով հայ և միջազգային կոմպոզիտորների տարբեր գեղարվեստական մոտեցումներ, հնչյունային լեզուներ և փորձարարական ձևեր։
Հնչել է Լուսինե Մլքե-Գալստյանի և Սոնյա Օվչիննիկովայի «5 in 4/2» ստեղծագործությունը, ինչպես նաև Անդրիեշի և Սիմուլյայի «Cosmic Silence (Album Version)» ստեղծագործությունը։ Ներկայացվել է Սիմոնա Մարկևիչի «Chord 87 II II III O» գործը, Սերգեյ Ումրոյանի «Lockdown for Cello» ստեղծագործությունը և Արամ Հովհաննիսյանի «Synopsis»-ը՝ «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Ծրագրում ներկայացվել է նաև Վարդեր Բաղդասարյանի «The Rite of Passage for Ensemble and Electronics» ստեղծագործությունը, որը «The Refrain» նախագծի մաս է(Արամ Հովհաննիսյանի և Սերգեյ Ումրոյանի համադրությամբ)։ Ծրագրի ընթացքում հնչել է նաև «Տիեզերք»-ի «Մեր Թագվոր» գործը։
Այս տարբեր ստեղծագործությունների համադրությամբ ծրագիրը ներկայացրել է ժամանակակից երաժշտության բազմազանությունը՝ միավորելով ակուստիկ և էլեկտրոնային հնչողությունը, նորարարական կոմպոզիցիոն լուծումներն ու ժամանակակից երաժշտական մտածողության տարբեր դրսևորումները։
Նշենք, որ ստեղծագործությունների մեծ մասը ստեղծվել է Notations լաբորատորիայի շրջանակում. լաբորատորիայի ընթացքում ստեղծված գործերի զգալի մասը առաջիկայում ևս կներկայացվի BBC-ի ապագա թողարկումներում:
BBC-ում այդ գործերի առաջիկա ներկայացումները հնարավորություն կտան ժամանակակից հայկական երաժշտության այս նոր ստեղծագործություններին հասնել ավելի լայն միջազգային լսարանի։
2026 թվականի Նոթեյշնսը Հայաստանում համախմբեց ավելի քան 130 արվեստագետների և համադրողների 27 երկրներից։ Մասնակիցները երկու շաբաթվա ընթացքում ստեղծեցին նոր աշխատանքներ՝ ուսումնասիրելով ծեսը՝ որպես ստեղծագործական մեթոդ և ոգեշնչման աղբյուր։ Լաբորատորիայի ընթացքում ստեղծվեց 61 նախագիծ, այդ թվում՝ 31 պերֆորմանս՝ այդ թվում չորս համերգային ծրագիր, 19 ինստալացիա, ամբիսոնիկ ձայնային նախագիծ, համերգներ և աուդիոտեխնոլոգիաների տարածաշրջանային ցուցահանդես։ Լաբորատորիայի ավարտին ծրագրերը ներկայացվեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում, Հայաստանի ազգային պատկերասրահում և «Հայֆիլմ» ստեղծարար ավանում՝ ներգրավելով ավելի քան 1500 այցելու։
BBC-ի անդրադարձը հատկապես կարևոր է այն համատեքստում, որ այն Հայաստանը ներկայացնում է ոչ միայն որպես հարուստ երաժշտական ժառանգություն ունեցող երկիր, այլև որպես նոր երաժշտության և փորձարարական արվեստի ակտիվ ստեղծարար միջավայր։