Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Մոնմարտրում բացվել է «La Bohème» դիտահարթակը

Մոնմարտրում բացվել է «La Bohème» դիտահարթակը
Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Փարիզի Մոնմարտր թաղամասում բացվել է «La Bohème» դիտահարթակը: Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։ Հանրային այս նոր տարածքի ստեղծումը հարգանքի տուրք է Ֆրանսիայի մեծագույն երաժշտական ​​և մշակութային գործիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը։

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 22-ին Մոնմարտր թաղամասի Սեն-Վենսան և դը լա Բոն փողոցների խաչմերուկում՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, Փարիզի փոխքաղաքապետեր Կարին Ռոլանի և Լորանս Պատրիսի, Փարիզի 18-րդ շրջանի քաղաքապետ Էրիկ ԼեԺուենդրի, Շառլ Ազնավուրի որդի՝ Միշա Ազնավուրի և հրավիրված այլ հյուրերի ներկայությամբ։
Ազնավուրի ամենասիրված երգերից մեկի անունով անվանակոչված «La Bohème» դիտահարթակը տեղակայված է Մոնմարտրի բարձունքում, թաղամաս, որը վաղուց է դարձել նկարիչների, գրողների և արվեստի այլ սիրահարների կենսակերպի անբաժան մասը։ Այս խորհրդանշական վայրը հարգանքի տուրք է մատուցում Շառլ Ազնավուրի անցած ստեղծագործական ուղուն՝ լի խոչընդոտներով, վայրիվերումներով և, ի վերջո, անվերապահ հաղթանակով ու ճանաչմամբ։

Այս միջոցառմանն անցյալ տարի նախորդել էր մեկ այլ կարևոր իրադարձություն՝ Ելիսեյան դաշտերի կենտրոնական այգիների մի հատվածի վերանվանումը Շառլ Ազնավուրի անվամբ: «Շառլ Ազնավուր» այգին գտնվում է Փարիզի սրտում՝ Երևանի այգու, Հայաստանի էսպլանադի և Կոմիտասի արձանի հարևանությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով Ազնավուրի ամուր կապը միաժամանակ Ֆրանսիայի և հայկական ինքնության հետ։