Անցնել բովանդակությանը

· Դասական

«Պրիմավերա ֆաունդեյշն»-ն ընդլայնում է «Կամերային երաժշտության դպրոց» նախագծի սահմանները. դասընթացներ կանցկացվեն նաև Կապանում

«Պրիմավերա ֆաունդեյշն»-ն ընդլայնում է «Կամերային երաժշտության դպրոց» նախագծի սահմանները. դասընթացներ կանցկացվեն նաև Կապանում
«Պրիմավերա ֆաունդեյշն» բարեգործական հիմնադրամն արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացնում է իր կրթամշակութային առանցքային նախագծերից մեկը՝ պրոֆեսոր Կրասոտինայի «Կամերային երաժշտության դպրոցը»: Այս տարի նախագիծը նշանավորվում է նոր աշխարհագրությամբ և մասնագիտական կարևոր նվիրատվությամբ։

Այս տարվա գլխավոր նորամուծությունն այն է, որ նախագիծն առաջին անգամ մուտք է գործում Սյունիքի մարզ։ Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Կապանում կազմակերպվող դասընթացները նպատակ ունեն աջակցելու մարզային երաժշտական կրթության զարգացմանը և տեղի պատանի երաժիշտներին հաղորդակից դարձնելու անսամբլային արվեստի նրբություններին: Մայիսի 2-ին կկայանա վարպետության դասերի եզրափակիչ գալա համերգը, որտեղ մասնակիցները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց հմտությունները: Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ Կապանի Արվեստի պետական քոլեջի հետ համագործակցության շնորհիվ, որտեղ և տեղի կունենան վարպետության դասերը և գալա համերգը: Մասնակիցներից մեկ լավագույն երաժիշ և մեկ անսամբլ հնարավորություն կստանան Երևանում պրոֆեսոր Կրասոտինայի հետ շարունակելու իրենց վարպետության դասերը, որոնք ավանդաբար տեղի կունենան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ մայիսի 5-8-ը, իսկ գալա համերգը՝ մայիսի 9-ին: Բոլոր միջոցառումներն անվճար են Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար:

Կրթական բաղադրիչն էլ ավելի ամրապնդելու նպատակով՝ հիմնադրամը հատուկ նվեր է պատրաստել Սյունիքի մանկավարժների համար։ Կապանի երաժշտական դպրոցների ուսուցիչներին կնվիրաբերվի պրոֆեսոր Իրինա Կրասոտինայի «Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը, որը հիմնադրամի նախաձեռնությամբ 2025թ.-ին թարգմանվել է հայերեն և հրատարակվել:

«Մեր նպատակն է կայուն կրթամշակութային կամուրջներ ստեղծել Երևանի և մարզերի միջև։ Կապանում իրականացվող դասընթացները և մասնագիտական գրականության տրամադրումը հերթական քայլերն են՝ ի նպաստ հայաստանյան երաժշտական ժառանգության և կատարողական արվեստի ավանդույթների պահպանման և զարգացման», — նշում է հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան:

«Կամերային երաժշտության դպրոցը» հարթակ է, որտեղ երիտասարդ կատարողները հնարավորություն են ստանում կատարելագործելու իրենց հմտությունները փորձառու մասնագետի ղեկավարությամբ՝ կենտրոնանալով անսամբլային նվագակցության և համատեղ ստեղծագործական աշխատանքի վրա։ Դասընթացները վարում է Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Իպոլիտով-Իվանովի անվան պետական ​​երաժշտական ​​մանկավարժական ինստիտուտի անսամբլի ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինան, ով հանդիսանում է Primavera Foundation of Armenia-ի «Կամերային երաժշտություն» բաժնի ղեկավարը: