«Համերգ երախտիքի». երախտիքի և խոնարհման տուրք հայ զինվորին - Armenian National Music (anmmedia.am)
«Համերգ երախտիքի». երախտիքի և խոնարհման տուրք հայ զինվորին

Հրապարակվել է՝ Դկտ 17 2020, 17:49

Հեղինակ՝ ANM Media
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամը և Արամ Խաչատրյան համերգասրահը Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հանդես են գալիս բարեգործական նախաձեռնությամբ։

Ս․ թ․ դեկտեմբերի 22-ին, ժամը 19։00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Համերգ երախտիքի» խորագրով բարեգործական համերգը՝ նվիրված Արցախյան վերջին պատերազմի մասնակիցներին, անմահացած և վիրավորում ստացած հերոսներին։ Համերգը երախտիքի և խոնարհման տուրք է հայ զինվորին։ Հանգանակության համար սահմանված են՝ 5․000 դրամ, 10․000 դրամ, 20․000 դրամ 50․000 դրամ և 100․000 դրամ նվիրաբերության չափերը, հանգանակության մասնակիցներին կտրվեն համապատաասխան անվանական արժեքով երախտիքի հավաստագրեր։ Իսկ համերգի հանդիսատեսը կլինեն մարտական գործողություններին մասնակցած զինվոր ուսանողները։ Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։ Հանգանակությունը սկսվում է դեկտեմբերի 17-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը։

Մասնակցում են կոնսերվատորիայի լավագույն ուսանողները, դասախոսները և ՀԱՖՆ երաժիշտներ։ Ծրագրում ընդգրկված են հայ ժամանակակից կոմպոզիտորների և համաշխարհային դասականների կամերային ստեղծագործություններ (մենանվագներ, դուետներ, տրիոներ):

Արցախյան պատերազմից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Բուհի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ (կամավոր և ժամկետային զինծառայողներ) մասնակցեցին մարտերին։ Պատերազմի ընթացքում կոնսերվատորիայի 3 ուսանող արիաբար զոհվեցին ռազմաճակատում, 7-ը՝ ստացան վիրավորում, կան նաև անհայտ կորածներ։