Անցնել բովանդակությանը

· Նորություններ

Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվեց Շառլ Ազնավուրի անվան արվեստների կենտրոնը

Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվեց Շառլ Ազնավուրի անվան արվեստների կենտրոնը
Մարտի 26-ին Ֆրանսիայի Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում պաշտոնապես բացվեց Շառլ Ազնավուր արվեստների կենտրոնը։ Բացման արարողությանը ներկա էին «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի և Իվլին դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։ Կենտրոնի բացումն ազդարարող՝ ժապավենը կտրելու արարողությանը մասնակցեցին Իվլին դեպարտամենտի սենատոր Միշել Լոժիեն, Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետ Լորեն Մերկերը, ինչպես նաև Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները։

Կենտրոնը եզակի տարածք է երիտասարդների համար՝ արտահայտելու իրենց ստեղծագործական միտքը, ձեռք բերելու նոր գիտելիքներ, ավելի մոտ լինելու արվեստին ու մշակույթին, ինչպես նաև պատրաստվելու արվեստի ոլորտում իրենց հետագա մասնագիտացմանն ու կարիերային: Ուսուցման ողջ գործընթացը կազմակերպվելու է 5 հիմնական ուղղությամբ՝ պար, թատրոն, երաժշտություն, փորձեր, ձայնագրություններ, որոնց համադրման շնորհիվ սովորողները ձեռք են բերելու ոլորտային բազմակողմանի գիտելիքներ ու կիրառական հմտություններ։

«Ազնավուր» հիմնադրամը, համագործակցելով Մոնտինյի-լը-Բրետոնյոյի քաղաքապետարանի և սցենոգրաֆիայի ու ինտերիեր դիզայնի ոլորտում հայտնի «Agence NC - Nathalie Crinière» գործակալության հետ, աշխատել է այս հաստատության ներսում եզակի ինստալյացիաների ստեղծման վրա։ Այս աշխատանքների միջոցով փորձ է արվել ներկայացնել Շառլ Ազնավուրի արվեստի ու անցած ուղու պատմությունը՝ ոգեշնչելու կենտրոն այցելող երիտասարդներին։ Այս նպատակով «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնին է փոխանցել նաև Շառլ Ազնավուրի ստացած «Կրկնակի ադամանդե սկավառակը» (Disque double diamant), որն արտիստին էր շնորհվել 2.000.000-ից ավելի վաճառված ալբոմի համար։
Մոնտինյի-լը-Բրետոնյո քաղաքում բացվեց Շառլ Ազնավուրի անվան արվեստների կենտրոնը · Armenian National Music