Դեկտեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Դասականը բոլորի համար» խորագրով նախատոնական համերգը, որին մասնակցում էին «Ասոնանս» անսամբլը և սիրված ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Համերգին «Ասոնանսը» հանդես եկավ նորովի: Անսամբլի երկացանկը կազմված է հայ և օտարազգի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից, բայց այս անգամ նրանք ունկնդրին ներկայացան լիովին այլ ծրագրով: Համերգի առաջին մասում երաժիշտները կատարեցին Յ.Ս. Բախի Բրանդենբուրգյան թիվ 4 կոնցերտը (մենակատարներ՝ Անուշ Նիկողոսյան (ջութակ), Նարեկ Ավագյան (ֆլեյտա) և Արամ Հովհաննիսյան (ֆլեյտա) և թիվ 2 սյուիտը (մենակատար՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա): Համերգի երկրորդ մասում «Ասոնանս»ը և Անուշ Նիկողոսյանը կատարեցին Ա. Վիվալդիի «Տարվա եղանակները»: Համերգն ունկնդրի կողմից ընդունվեց շատ ջերմ: Սրան նպաստեց նաև յուրաքանչյուր գործից առաջ տվյալ ստեղծագործության մեկնաբանումը (բանախոսներ՝ Արամ Հովհաննիսյան, Արթուր Ավանեսով), ինչն առավել ընկալելի դարձրեց հնչող գործերը: Սա «Ասոնանս» անսամբլի և Անուշ Նիկողոսյանի առաջին համագործակցությունն էր, որը կկրի շարունակական բնույթ: Առաջիկայում նախատեսվում է նույն կազմով ելույթներ Հայաստանի բոլոր մարզկենտրոններում և Արցախում: Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի