Անցնել բովանդակությանը

· Դասական

Ա․ Բաբաջանյանին և Ա․ Սպենդիարյանին նվիրված համերգ՝ Վիեննայի «Անտոնիո Վիվալդի» սրահում

Ա․ Բաբաջանյանին և Ա․ Սպենդիարյանին նվիրված համերգ՝  Վիեննայի «Անտոնիո Վիվալդի» սրահում
Նոյեմբերի 6-ին Վիեննայի «Անտոնիո Վիվալդի» համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության աջակցությամբ տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։

Համերգը կազմակերպել էին Լոնդոնի Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահը և Ավստրիայում բնակվող ալտահար և երաժշտագետ Գայանե Միրզոյանը: Լոնդոնյան համերգից հետո այս միջոցառումների նպատակն էր Ավստրիայում նույնպես ներկայացնել հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։

Համերգին մասնակցեցին դիրիժոր, տենոր դաշնակահար Սիփան Օլահը (Մեծ Բրիտանիա), սոպրանո Հայարփի Եղիկյանը (Մեծ Բրիտանիա), Ավստրիայում բնակվող սոպրանո Թեհմինե Շաուֆերը, մեցո-սոպրանո Թերեզա Բեգլարյանը, բաս Նիկոլաս Լեգյողը, դաշնակահարուհի Գրետա Էրհարտեր-Սարգսյանը, լարային քառյակը՝ մասնակցությամբ Ֆելիկս Հարությունյանի և Աստղիկ Սիրադեղյանի՝ ջութակ, Գայանե Միրզոյանի՝ ալտ և Կոնստանտին Զելենինի՝ թավջութակ, մեներգիչների վոկալ անսամբլը:

Համերգի բացմանը հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման նախաձեռնության համար, կարևորեց հայկական երաժշտական հարուստ մշակույթի ներկայացումը Հայաստանի սահմաններից դուրս, իր ելույթում նաև հակիրճ անդրադարձավ հայ մեծանուն կոմպոզիտորների կյանքին, նրանց ստեղծագործական հարուստ ժառանգությանը, ընդգծեց, որ այս երկու տաղանդների ստեղծագործությունները մինչև օրս ապրում և փոխանցվում են սերնդեսերունդ: Ողջույնի խոսք էր հղել ՀՀ վաստակավոր գործիչ, Սպենդիարյանի Տուն-թանգարանի տնորենուհի Մարինե Օթարյանը: Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր, հոգևոր ներկայացուցիչներ Հայ Առաքելական և Մխիթարյան Միաբանության եկեղեցիներից, Ավստրացի երաշժտասեր հանդիսատեսը:

Համերգի նախորդ օրը՝ նոյեմբերի 5-ին Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության սրահում՝ Վիեննայում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։