Նոյեմբերի 22-ին Լատվիայում ՀՀ դեսպանությունը Ռիգայի պատմության և նավագնացության թանգարանում կազմակերպել էր համերգ [https://www.youtube.com/watch?v=r7pupvTOlYw&feature=youtu.be&fbclid=IwAR3U1DQGjAo64Hy3uxZgzom9CfB5kf2mb0oYqjubWvVOWvK0rl0S8A38XDs] ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակին: Միջոցառմանը ներկա էր Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի օրենսդիր և գործադիր մարմինների և պետական տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռիգայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Հանդես գալով բացման խոսքով՝ դեսպան Տիգրան Մկրտչյանը հակիրճ ներկայացրեց Ավետ Տերտերյանի կյանքն ու կենսագրությունը, ստեղծագործական ուղին՝ հավելելով, որ նա ավանգարդ երաժշտություն ներկայացնող կոմպոզիտոր էր, որում միաձուլվում էին ազգային և հոգևոր մեղեդիների տարրերը: Դեսպան Մկրտչյանը նշեց, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշվող Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150 ամյակներին զուգահեռ դեսպանությունը նախաձեռնել էր նաև Ավետ Տերտերյանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շարք՝ ընգդծելու Տերտերյանի մեծ ավանդը հայկական մշակույթի զարգացման և տարածման գործում: Ներկայացնելով երաժիշտներին՝ դեսպանը հայտնեց, որ մեծ կոմպոզիտորի տարեդարձը տոնելու համար Բալթյան երկրներ են հրավիրվել Երևանի Արամ Խաչատրյանի տուն֊թանգարանի տնօրեն, Խաչատրյանի անվան տրիոյի անդամ Արմինե Գրիգորյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մենակատար Սիրանուշ Գասպարյանը, ովքեր կկատարեն Ա. Տերտերյանի գործունեության վաղ շրջանում գրված ռոմանսներ, երգեր ինչպես նաև հայկական և բալթյան հեղինակների դաշնամուրային և վոկալ այլ ստեղծագործություններ: Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանին և գործարար Արամ Հարությունյանին՝ դեսպանության կողքին լինելու և համերգի իրականացմանն աջակցելու համար: