Անցնել բովանդակությանը

· Դասական

Հարությունյան, Սարյան, Մոցարտ. համերգ և ցուցահանդես Լոնդոնում

Հարությունյան, Սարյան, Մոցարտ. համերգ և ցուցահանդես Լոնդոնում
Նոյեմբերի 8-ին Լոնդոնի Վեստմինստերի պատմական Սուրբ Պողոսի եկեղեցում, տեղի ունեցավ «Հարությունյան, Սարյան, Մոցարտ» համերգ-ցուցահանդեսը։ Այս բացառիկ միջոցառումը կազմակերպվել էր «Քլինգեն» երգչախմբի և մշակութային ասոցիացիայի կողմից։

Ներկայացվեց մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված հատուկ ցուցահանդես՝ նրա նկարների կրկնօրինակներով, որոնք տրամադրել էր Երևանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։
Համերգի բացման խոսքով հանդես եկավ Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը։ Նա իր խոսքում ներկայացրեց մեծանուն կոմպոզիտորներին՝ հիշատակելով Սարյանի թողած նկարչական մեծ ավանդույթի մասին 20-րդ դարի հայկական գեղանկարչության վրա։

Այս տարի լրանում է հայ կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի և Ղազարոս Սարյանի ծննդյան 105-ամյակը։ Մաեստրո Սիփան Օլահը, «Քլինգեն կամերային նվագախումբը» և «Քլինգեն երգչախումբը», ինչպես նաև համերգի մենակատարները, կատարեցին մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի լիրիկական կոնցերտը յուրովի մեկնաբանեց բրիտանահայ ջութակահարուհի Անի Բատիկյանը։

Ղազարոս Սարյանի «Նվագախմբային սերենադ» ստեղծագործությունը կատարեց լոնդոնաբնակ հոբոյահար Հակոբ Մուրադյանը։

Հարությունյանի մեկ այլ հայտնի ստեղծագործություն՝ Դաշնամուրային կոնցերտինոն, կատարեց վիեննաբնակ անվանի դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, ում մաեստրո Օլահը հատուկ հրավիրել էր Վիեննայից՝ այս Կոնցերտինոյի Լոնդոնյան պրեմիերան կատարելու համար։

Համերգին ելույթ ունեցավ սոպրանո Հայարփի Եղիկյանը, կատարելով Սարյանի «Չեմ մոռանում» ռոմանսը նվագախմբի և «Քլինգեն երգչախմբի» հետ։

Համերգին Սիփան Օլահը իր նվագախմբի հետ կատարեց Սարյանի «Ինչու ուշացար» ռոմանսը։ Համերգի առաջին բաժինը եզրափակվեց Ալ. Հարությունյանի և ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մոնումենտալ «Հայրենիքիս հետ» երգ-կանտատով՝ Սիփան Օլահի նոր նվագախմբային և վոկալ-երգչախմբային բացառիկ գործիքավորմամբ։

Համերգի երկրորդ մասում «Քլինգեն կամերային նվագախումբը» իր ողջ լարային և փողային գործիքների կազմով կատարեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի գլուխգործոցը՝ 40-րդ Սիմֆոնիան։ Սա Սիփան Օլահի կողմից այս սիմֆոնիայի առաջին կատարումն էր։

Երեկոյին ներկա էին Վեստմինստերի քաղաքապետարանի, Քենսինգթոնի և Չելսիի թագավորական քաղաքապետարանի խորհրդականներ, Մեծ Բրիտանիայի Հայ համայնքային խորհրդի նախագահ Կարեն Արևյանը, Քահանա Շնորհք Բաղդասարյանը, Սուրբ Սարգիս եկեղեցու հոգաբարձուները և ծխական խորհրդի անդամները, հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցների տնօրենները, ավելի քան 35 աշակերտ և ավելի քան 280 երաժշտասեր բրիտանացի ու բրիտանահայ հանդիսատես։