Անցնել բովանդակությանը

· Դասական

«Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով համերգ` Բավարիայում

«Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով համերգ`  Բավարիայում
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիա երկրամասում՝ Մյունխենի «Բոլոր սրբերի պալատական տաճարում» (Allerheiligen-Hofkirche), տեղի ունեցավ «Հովեր» պետական կամերային երգչախմբի՝ «Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով համերգը, որը նշանավորում էր Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ինչպես նաև «Հովեր» երգչախմբի հիմնադրման և գործունեության երեսնամյա հոբելյանը։

Համերգն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ԳԴՀ Բավարիա երկրամասի Գիտության և արվեստի նախարարությունների հովանու ներքո։

Իրադարձության նախաձեռնողը և  իրականացնողը EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամն էր՝ աջակցությամբ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Քրիստինե Զասսեի։

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը, EUROPAMUSICALE եվրոպական մշակութային հիմնադրամի ղեկավար Հելմուտ Պաուլին, ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաև Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս, դոկտոր Քրիստինե Զասսեն։

«Հովեր» երգչախմբի համերգային ծրագիրը բաղկացած էր երկու մասից, որն ընդգրկում էր հայ և եվրոպական ժամանակակից և դասական խմբերգային ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հնչեցին Սբ․ Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Արզաս Ոսկանյանի, էդգար Հովհաննիսյանի, Դավիթ Հալաջյանի, Տիգրան Ստամբուլցյանի, Վաչե Շարաֆյանի, համերգի երկրորդ բաժնում՝ Ք․ Պենդերեցկիի, Վ․ Տորմիսի, Վ․ Բուխենբերգի, Ա․ Պյարտի, Ռ․Մ․ Շաֆերի, Մ․ Օստրժիգայի, Հ․ Շանդերլի ստեղծագործությունները։ Դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան։
«Առ քո թևերին, տար ինձ ժամանակ» խորագրով համերգ` Բավարիայում · Armenian National Music