Անցնել բովանդակությանը

· Դասական

Հայ-Լիտվական բարեկամությանը նվիրված համերգ Կաունասում

Հայ-Լիտվական բարեկամությանը նվիրված համերգ Կաունասում
Փետրվարի 22-ին Կաունասի պետական ֆիլհարմոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ տեղի ունեցավ «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված հայ-լիտվական բարեկամությանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, ներկայացնելով խմբի մենակատարներին և նրանց ստեղծագործական ուղին, նշեց, որ հայ-լիտվական բարեկամությանը նվիրված այս համերգով մեկնարկում է բալթյան երկրներում «Խաչատրյան Տրիո»-ի համերգային շրջագայությունը։

Ներկայացնելով համերգային ծրագիրը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ համերգացանկն իր մեջ ներառում է հայ և բալթյան տարածաշրջանի լավագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ, որը հատուկ կազմվել է այս շրջագայության համար։

Եզրափակելով իր խոսքը՝ Տ․ Մկրտչյանը շնորհակալություն հայտնեց Կաունասի ֆիլհարմոնիային, «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամ»-ին և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը համերգի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։