Անցնել բովանդակությանը

· Դասական

Dancewalk. Ֆուֆուա դ’Իմոիլիտեի 12-րդ կանգառը Երևանն է

Dancewalk. Ֆուֆուա դ’Իմոիլիտեի 12-րդ կանգառը Երևանն է
Հայաստանում ժամանակակից պարի առաջին միջազգային SUMMEET փառատոնի շրջանակում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ շվեյցարացի պարուսույց Ֆուֆուա դ’Իմոիլիտեի Dancewalk պարային պրակտիկային։

Dancewalk-ը պար-ճանապարհորդություն է՝ ձգված կիլոմետրերով ու ժամերով, անցկացված քաղաքում, կամ բնության գրկում։ Սա պարային ֆրազ է՝ ժամանակի և տարածության մեջ, ուր պարը դառնում է աշխարհագրություն, իսկ մարդը՝ բնապատկերի մի մաս։ Որպես բեմականացման ներշնչանք Ֆուֆուա դ’Իմոբիլիտեն օգտագործում է վազքը՝ համատեղելով պարարվեստը, պերֆորնասն ու սպորտը։

Այսօր՝ օգոստոսի 25-ին ժամը 17:30 պարուսույցը կիրականացնի YEREVAN PEACE DANCEWALK պերֆորմանսը։ Այն կսկսվի Միսաք Մանուշյանի այգուց և կընթանա Մաշտոցի պողոտայի գետնանցումով, ապա՝ Մաշտոցի պուրակով, Փավստոս Բուզանդի փողոցով, ապա՝ մուտք կգործի Հանրապետության հրապարակ, ուր պարողը կպտտվի երգող շատրվանների շուրջ, իսկ հետո Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտով կմտնի Հյուսիսային պողոտա, որտեղ Ֆուֆուա դ’Իմոբիլիտեին կմիանա ՀՀ Ոստիկանության նվագախումբը։ Հյուսիսային պողոտայով անցնելուց հետո նա կշրջի Կարապի լճի մոտ և կմտնի Ազատության հրապարակ։

YEREVAN PEACE DANCEWALK-ը խաղաղության կոչ է մեր երկրի համար, որ անցել է պատերազմի միջով։

Նախագիծը կշարունակվի օգոստոսի 26-ին ժամը 18:00-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում, որտեղ տեղի կունենա «Dancewalk – Հետադարձ հայացքը»՝ պարային զբոսանք՝ ստեղծված բեմական տարածության համար։

Սա զեկույց է պարի 850 կմ-ի մասին, որ կատարվել են ամբողջ աշխարհում՝ 50 պարային երթուղիներում։ Տեսապրոեկցիայով շրջապատված պարուհի Ալիզե Սուրբեն բեմում ցուցադրում է պարային աուդիովիզուալ զբոսանքները, որոնք հանրային վայրերում անցկացրել էին Ֆուֆուա դ’Իմոբիլիտեն և այլոք։

Այս ներկայացման շնորհիվ հանդիսատեսը երաժիշտների, պարողների, արտիստների, մասնագետների և հետաքրքրվողների, երեխաների և տարբեր մարդկանց հետ միասին շրջում է աշխարհի 11 երկրով և 34 շրջանով՝ Շվեյցարիա, Ֆրանսիա, Իտալիա, Բոսնիա և Հերցոգովինա, Ռուսաստան, Իրան, Մալի, Բուրկինա Ֆասո, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հնդկաստան և Չինաստան, որոնց փառատոնի օրերին կմիանա նաև Հայաստանը։ Երևանյան ներկայացումն ուղեկցվում է Արա Ասատուրյանի զուգահեռ թարգմանությամբ։   

Փառատոնի շրջանակներում կայանալիք ներկայացումների տոմսերը հասանելի են 
wylling.com կայքէջում։

Լուսանկարը՝ Թինա Գևորգյանի / ԵՊԿ