Հունիսի 11-ին Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) նախաձեռնությամբ, կազմակերպմամբ և աջակցությամբ ամերիկյան հանրահայտ “Delos” ընկերությունը թողարկել է Կոմիտաս վարդապետի «Սուրբ Պատարագի» համերգային ամբողջական տարբերակի ձայնասկավառակը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի և հոգևորականի 150-ամյակի։ Ինչպես հայտնում են դեսպանությունից, «Պատարագի» ձայնագրությանը նախորդել էր 2019թ․ սեպտեմբերի 20-ին Ռիգայի ամենահին՝ Սբ. Հովհաննես եկեղեցում դիրիժոր Սիգվարդս Կլյավայի ղեկավարությամբ Լատվիայի Ռադիո երգչախումբի և մենակատարներ Հովհաննես Ներսիսյանի ու Արմեն Բադալյանի կողմից ստեղծագործության համերգային կատարումը, որից հետո նույն եկեղեցում տեղի է ունեցել ձայնագրությունը։ Ձայնասկավառակի թողարկումը եզակի է այն առումով, որ առաջին անգամ բազմազգ թիմը և Լատվիայի ռադիոյի երգչախումբը, կատարել, իսկ հետո նաև ձայնագրել է Կոմիտասի «Պատարագի» համերգային ամբողջական տարբերակը։ Նախագծի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ երեք տարի, որի ընթացքում Լատվիայի ռադիոյի երգչախումբը 2017 և 2018 թվականներին Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպած համերգներին կատարել է հատվածներ Կոմիտասի ստեղծագործություններից։ Այնուհետև կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը փոխադրել է ի սկզբանե միայն արական երգչախմբի համար նախատեսված կոմիտասյան գլուխգործոցը։ Երգչախմբի հետ աշխատել են ֆրանսիահայ կոմիտասագետ Մկրտիչ Մկրտչյանը և լատվիացի հայագետ Վալդա Սալմինյան։ 2019թ․ սկզբին Լատվիայի Ռադիոյի երգչախմբի խմբավար և դիրիժոր Սիգվարդս Կլյավան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ այցելել է Հայաստան՝ Էջմիածին, եղել Կոմիտասի տուն-թանգարանում, հանդիպել կոմիտասագետների՝ հնարավորություն ունենալով առավել մոտիկից ծանոթանալու հայ հոգևոր երաժշտությանը և Կոմիտասի ժառանգությանը։ 80 րոպե տևողությամբ ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրչտյանի, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ներածական խոսքերը, Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին և ինքնակենսագրությունը։ Գրքույկում ներկայացված Կոմիտասի լուսանկարները տրամադրել է Երևանի Կոմիտասի թանգարանը։ Գրքույկում տեղ են գտել նաև Պատարագի ամբողջական հայերեն տեքստըև լատինատառ տառադարձումը, անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև տեղեկություն մենակատարների, դիրիժոր Ս․ Կլյավայի և Լատվիայի Ռադիոյի երգչախմբի ստեղծագործական ուղուց։ Ձայնասկավառակը վաճառքի կհանվի հուլիսի 10-ին։ Լուսանկարը՝ դեսպանության ֆեյսբուքյան էջից։