· Դասական
«Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար»․ վավերագրական ֆիլմ՝ նվիրված Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին
«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Պատմություն՝ հնչողությամբ մեկ դար» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է Հայաստանի առաջին և գլխավոր նվագախմբի հարյուրամյա տարեգրությանը։ Կինոնկարը ստեղծվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Ֆիլմում նվագախմբի անցած ուղին, պատմական փորձություններն ու միջազգային բարձր չափանիշներին հասնելու զարգացման ընթացքը ներկայացնում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Իր խոսքում նա նշել է, որ հոբելյանական տարեթիվը մեր ազգային ինքնության, մշակութային դիմադրողականության և անսպառ նվիրումի վկայությունն է, իսկ կինոնկարը հիանալի առիթ է՝ հետադարձ հայացք գցելու ժառանգությանը և արձանագրելու այն բարձր նշաձողը, որն այսօր ունի կոլեկտիվը։ Հատուկ ուշադրություն է դարձված արդի նվագախմբի գործունեությանն ու ձեռքբերումներին։
Նվագախմբի հետ իրենց համագործակցության մասին ֆիլմում խոսում են աշխարհահռչակ երաժիշտներ՝ դիրիժորներ և մենակատարներ Պլասիդո Դոմինգոն, Վալերի Գերգիևը, Մարկ Ալբրեխտը, Ավգուստին Հադելիխն ու Սերգեյ Խաչատրյանը։
Վավերագրական աշխատանքի հեղինակներն են սցենարիստ, երաժշտագետ և լրագրող Ռուզաննա Մկրտչյանը և ռեժիսոր ու բեմադրող օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանը։ Ռեժիսորի խոսքով՝ նպատակ է եղել ստանալ գեղարվեստական արժեք ունեցող կտավ՝ նվագախմբի կատարողական վարպետությունը համադրելով հայրենի բնապատկերների և Երևանի յուրահատուկ մթնոլորտի հետ, որտեղ ծնվել ու զարգացել է հայկական երաժշտարվեստի գլխավոր կոլեկտիվը։
Աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո